Թուրքիայում ծեծի է ենթարկվել ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահը (լուսանկարներ)
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած ընդդիմադիր «Ապագա» կուսակցության փոխնախագահ Սելչուկ Օզդաղը իր տան դիմաց զինված հարձակման է ենթարկվել: Այս մասին թվիթերյան իր էջում տեղեկացրել է կուսակցության մյուս փոխնախագահ Սելիմ Թեմուրջին, գրում է Gazete Duvar պարբերականը:
«Մեր փոխնախագահ Սելչուկ Օզդաղը զենքով ու փայտերով հարձակման է ենթարկվել իր տան դիմաց: Մենք խստորեն դատապարտում ենք այս քստմնելի հարձակումը, և ակնկալում ենք, որ հանցագործները հնարավորինս շուտ կձերբակալվեն և պատասխանատվության ենթարկվեն» -գրել է Թեմուրջին:
Նշվում է, որ կուսակցության փոխնախագահի վրա փայտերով և սառը զենքերով հարձակվել է 5 մարդ: Օզդաղը վնասվածքներով հոսպիտալացվել է:












