Ջո Բայդենը հանրապետական սենատորների հետ կքննարկի նրանց` հակահամաճարակային միջոցառումների փաթեթի վերաբերյալ առաջարկները
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հանրապետական սենատորների հետ քննարկել համաճարակի և դրա տնտեսական հետևանքների դեմ պայքարի միջոցառումների փաթեթի վերաբերյալ նրանց առաջարկները: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` հղում անելով Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակիի տարածած հայտարարությանը։
Ավելի վաղ 10 հանրապետական սենատորներ` Սյուզան Քոլինզի գլխավորությամբ, նամակ էին ուղարկել ԱՄՆ-ի նախագահին՝ տեղեկացնելով, որ այլընտրանք ունեն նրա կողմից առաջարկված 1.9 տրիլիոն դոլար արժողությամբ կարճաժամկետ միջոցառումների ծրագրին: Օրենսդիրները Բայդենին խնդրել էին հանդիպել` իրենց նախագիծն ավելի մանրամասն քննարկման համար, որը, ըստ հանրապետականների, փոխզիջում կլինի:
Քոլինզն իր թվիթերյան էջում գրել է. «Գնահատում ենք նախագահի կողմից մեր նամակին արագ արձագանքը և ուրախ ենք ընդունել վաղը կեսօրին Սպիտակ տուն այցելելու նրա հրավերը»:
Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին նշել է, որ Բայդենն ավելի վաղ նախագիծը քննարկել է ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ առաջնորդների հետ և շեշտել, որ «Ամերիկյան փրկարարական ծրագրի» իրականացումն անհրաժեշտությունը է:










