Թուրք ընդդիմադիր առաջնորդ Դեմիրթաշի կինը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը բոլոր քննադատներին ահաբեկիչ է անվանում
Թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ Սելահաթթին Դեմիրթաշի կինը՝ Բաշաք Դեմիրթաշը, նախօրեին հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը բոլոր քննադատներին՝ Ստամբուլի Բողազիչի համալսարանի ուսանողներից մինչև երկրի առողջապահության բարձրագույն միության անդամներ, ահաբեկիչ է անվանում, հայտնում է Ahval News-ը:
Ըստ Բաշաք Դեմիրթաշի՝ Անկարան համաճարակն օգտագործել է Թուրքիայի բանտերում սահմանափակումները մեծացնելու նպատակով:
«Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը ձերբակալվել է 2016 թվականին` «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» զինված խմբավորման հետ գաղտնի կապեր ունենալու մեղադրանքով:
Քուրդ քաղաքական գործչի կինը նաև հիշեցրել է իր ամուսնուն ազատ արձակելու վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը: Դեկտեմբերի 22-ին հրապարակված ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ Թուրքիայի իշխանությունը պետք է ազատ արձակի Դեմիրթաշին։










