Անվտանգությունը պետք է սկսվի մեր գիտակցության մեջ, մեր մտքի մեծությունը կապ չունի երկրի մեծության և տնտեսության ցուցանիշների հետ. ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)
Շատ եմ ցավում, բայց այնպիսի տպավորություն է, որ մենք շատ թանկ գնով ձեռք ենք բերում շատ պարզ գիտելիքներ, և այսօր հասարակությունը բոլոր շերտերը շատ լուրջ ակնկալիքներ ունեն գիտնականներից: Այս մասին «Գիտությունը՝ անվտանգության և զարգացման հենասյուն». խորհրդարանական լսումներին ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
«Որպեսզի գիտությամբ հնարավոր լինի զբաղվել, պետք է ունենալ որակյալ բարձրագույն կրթություն ստացած կադրեր, առանց մեկի՝ մյուսը գոյություն ունենալ չի կարող: Այստեղ մենք այսօր ունենք լրջագույն խնդիր՝ կադրերի վերարտադրության, մոտիվացիայի խնդիր: Խոսում ենք անվտանգությունից, իհարկե, հետպատերազմյան անկումային տրամադրությունները բոլորս էլ հասկանում ենք և անվտանգություն ասելով էլ հասկանում ենք ռազմատեխնիկա, զենք, զինամթերք և այլն: Ես կփորձեմ շեղել մեր ուշադրությունն այդ ռազմամթերքից և այլնից»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ կա հումանիտար, հոգևոր, գիտակցական անվտանգություն, այս անվտանգությունն ամենակարևորն է: «Մենք անվտանգություն ասելով՝ պետք է հասկանանք նաև ուժեղ միտք, ճիշտ գաղափար, ճիշտ գնահատական մեր իրականությանը, որքան էլ, որ մեզ դուր չգա այսօրվա իքս իրավիճակը, մենք պետք է այնքան քաջություն, մտավորականին վայել սառնասրտություն ունենանք, որ դեպքերին տանք իրենց ճիշտ գնահատականը, ոչ թե հաճոյանանք այս կամ այն նպատակով: Անվտանգությունը պետք է սկսվի մեր գիտակցության մեջ, եթե մենք մեր առջև խնդիր դնենք այնքան ռազմաարդյունաբերություն ունենալ, որ աշխարհի հսկաների հետ հավասարը հավասարի հետ խոսենք, ես որևիցե պնդում չեմ անի, բայց այստեղ մտածելու առիթ կա՝ առանձին ուղղություններով, առանձին խնդիրներում մենք կարող ենք գրանցել արդյունք, որ չի կարող կամ չի հաջողվի գրանցել գերտերություններին, որովհետև սա մտքի արդյունք է»,- ասաց նա:
Ըստ Դումանյանի՝ մյուսը տնտեսական արդյունքն է: «Միտքն անսահմանափակ է, մեր մտքի մեծությունը կապ չունի մեր երկրի մեծության և տնտեսության ցուցանիշների հետ, որովհետև դա գիտնականի մտքի թռիչքն է, սա մենք պետք է կարևորենք»,- շեշտեց նա:










