Ինձ համար անձնական ողբերգություն է այն փաստը, որ այն մարդիկ, որոնց համարել եմ լավ ու կոմպետենտ, պաշտոնը նրանցից շատերին փչացրեց. Սմբատ Գոգյան (տեսանյութ)
Ինչպես ցույց է տվել 2018-2020 թվականների փորձը, առայժմ իմ հնարավորությունները շատ ավելի հզոր են, և ինքնուրույն ավելի շատ գործ կարող եմ անել, քան կառավարության ներսում, երբ որ կառավարության ներսում կլինի հստակ նպատակ, ցանկացած իշխանության հետ պատրաստ եմ համագործակցել՝ առաջին հերթին իմ երեխաների ապագայի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ, կրթության փորձագետ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով հարցին՝ հաշվի առնելով, որ ԿԳՄՍ նախարարը փոխվել է, հնարավո՞ր է՝ որևէ պաշտոն զբաղեցնի:
Սմբատ Գոգյանի խոսքով ՝ ինքը պաշտոնին նշանակվելիս ժամանակ չէր էլ ունեցել վերլուծելու իրավիճակը: «2018 թվականի հուլիսի 11-ին ԿԳՄՍ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը Ֆեսյբուքում գրեց՝ մի հատ համարդ գրի, ես էլ կատակով ասացի, որ փոխնախարարի պաշտոն չեմ ուզում: Համարս գրեցի, Հովհաննիսյանն ասաց, որ նախարարն ուզում է հետս խոսել: Պատրաստվեցի ու արագ գնացի, Արայիկ Հարությունյանն արդեն կառավարությունում էր, Հովհաննիսյանն ինձ ասաց՝ քեզ նշանակում ենք ԲՈԿ նախագահ: Պատասխանեցի, որ պատրաստվում եմ գնալ Սաուդյան Արաբիա, հետո՝ Ռումինիա, գնամ, գամ, կհասկանանք, Հովհաննիսյանն էլ ասաց՝ լավ: Գնացի ու հաջորդ օրը իմացա՝ նշանակվել եմ ԲՈԿ-ի նախագահ»,-ասաց նա:
Կրթության փորձագետն ասաց, որ նշանակման ժամանակ դրական է վերաբերվել հեղափոխական գաղափարներին, դրանք կրող մարդկանց: «Ինձ համար այժմ անձնական ողբերգություն է այն փաստը, որ այն մարդիկ, որոնց համարել եմ լավ ու կոմպետենտ, ժամանակը ցույց տվեց, որ պաշտոնը նրանցից շատերին փչացրեց, նրանք չունեին այն գաղափարը, որոնց համար փողոցային պայքար էին մղում: Կարծում էի՝ պայքարի համար գաղափար կար, բայց գուցե դա զուտ պաշտոնի համար էր»,-մանրամասնեց նա:
Անդրադառնալով հարցին, թե ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումն ի՞նչ տարբերակով է տեսնում ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմա՞մբ և ըստ այդմ՝ արտահերթ ընտրություններո՞վ, թե՞ Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակմամբ, մինչև հերթական ընտրությունները, Սմբատ Գոգյանն ասաց. «Կարծում եմ՝ առաջին տարբերակը, բայց մի քիչ այլ իմպլիմիտացիայով: Կարծում եմ՝ այն, ինչ հիմա առաջարկվում է ընդդիմության կողմից, տուպիկային տարբերակ է»,-ասաց նա:
Սմբատ Գոգյանն ասաց, որ ինքը կառավարության վերաբերյալ իր կարծիքն ունի, բայց երբեք որևէ ստորագրահավաքի չի մասնակցել:










