«Քաղաքական նպատակներով մարդկանց փողոց քարշ տալն անթույլատրելի է»․ Մեդվեդևը՝ ՌԴ-ում բողոքի ակցիաների մասին

14:14 • 01.02.21

Համաճարակի ընթացքում մեծ թվով մարդկանց ցանկացած կուտակում վտանգավոր է, ուստի այժմ անթույլատրել է քաղաքական նպատակներով մարդկանց «փողոց քարշ տալը»: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը` ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Երկրում և աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ մեծ թվով մարդկանց ցանկացած կուտակում վտանգավոր է․ դրա հետևանքով զգալի թվով մարդիկ կարող են հիվանդանալ: Այնուամենայնիվ, մարդկանց քարշ են տալի փողոց` իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար»,- ասել է նա՝ մեկնաբանելով ՌԴ-ում հաջակցություն Նավալնիի անցկացվող բողոքի ակցիաները և հավելել, որ այս ամենի իրավական գնահատականը պետք է տրվի իրավապահ մարմինների կողմից:

Դմիտրի Մեդվեդևը նաև նշել է, որ բողոքի ակցիաներին երեխաների մասնակցությունն անթույլատրելի է։

«Եթե խոսում եք սոցիալական ցանցերում ակտիվության մասին, հարց չկա, կարող եք արտահայտել ցանկացած դիրքորոշում: Իսկ եթե մենք խոսում ենք համաճարակի ընթացքում մարդկանց, այդ թվում՝ անչափահասներին, անօրինական հանրահավաքի մասնակից դարձնելու մասին, ապա դա բացարձակապես անընդունելի է»: