Մյանմայում նախագահի ձերբակալությունից հետո երկրի ամենամեծ քաղաք Յանգոնի հսկողությունն անցել է զինվորականների ձեռքը. Kyodo

11:54 • 01.02.21

Մյանմայում զինվորականները վերահսկում են ամենամեծ քաղաքի՝ Յանգոնի վարչակազմի շենքի շրջակայքը, որտեղ իշխանությունը նախորդ գիշերվա ընթացքում անցել է զինված ուժերի հրամանատարության ձեռքը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով ճապոնական Kyodo գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ քաղաքի փողոցներում տեսանելի են զինվորներ և ռազմական մեքենաներ: Սակայն, ընդհանուր առմամբ, Յանգոնում և երկրի այլ քաղաքներում հանդարտ իրավիճակ է: Միևնույն ժամանակ, համացանցն ու հեռախոսային հաղորդակցություններն աշխատում են մեծ ընդհատումներով, հեռուստատեսությունն անջատված է:

Երկուշաբթի օրը, Մյանմայի բանակի Myawaddy հեռուստատեսային ցանցը հաղորդել է, որ երկրի զինված ուժերը արտակարգ դրություն են հայտարարել 1 տարով: Նրանք տեղեկացրել են, որ արտակարգ դրության ռեժիմի ներդրման մասին հայտարարությունը ստորագրել է փոխնախագահ Մին Սվեն: Զինվորականները նրան նշանակել են նախագահի պաշտոնակատար: Միևնույն ժամանակ, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երկրում իշխանությունը փոխանցվել է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Մին Աուն Հլայնին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Մյանմայում զինվորականները ձերբակալել են երկրի նախագահ Վին Մյինտին և իշխող «Ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցության ղեկավար Աուն Սան Սու Չժիին, որը նաև երկրի արտաքին գործերի նախարարն է։

2020-ի նոյեմբերի 8-ին Մյանմայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Հաղթանակ է տարել իշխող կուսակցությունը՝ Աուն Սան Սու Չժիի գլխավորությամբ։ Զինվորականների կողմից աջակցվող «Համերաշխություն և զարգացում» կուսակցությունը, որը հայտարարում է, որ ընտրությունները կեղծված են և պահանջում է դրանց արդյունքների վերաբերյալ հետաքննություն անցկացնել, նվազագույն տեղեր է ստացել երկրի խորհրդարանում: