Դանիայում պատվաստված անձանց թվային «կորոնաանձնագրեր» կտրամադրվեն

16:19 • 03.02.21

Դանիայի իշխանությունները որոշում են կայացրել առաջիկա երեք-չորս ամիսների ընթացքում թվային «կորոնաանձնագրեր» ներկայացնել, որոնց շնորհիվ աստիճանաբար կվերականգնվի հասարակական կյանքը երկրում, չորեքշաբթի օրն ասել է Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Մորտեն Բյոդսկովը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Կորոնաանձնագրերն» արտացոլելու են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ տեղեկատվություն, որը սեփականատերերին թույլ կտա աշխատանքային գործուղումների մեկնել և մասնակցել տարբեր իրադարձությունների: Բացի այդ, փաստաթուղթը մշակողների մտադրության համաձայն, այն կկարողանան օգտագործել նրանք, ովքեր սահմանափակումների պատճառով ներկայումս անգործության են մատնվել , ինչպես օրինակ  վարսահարդարներ, մերսողներ և նմանատիպ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ:

«Մեկնարկել է «կորոնաանձնագիր» ստեղծելու գործընթացը. երեք-չորս ամսվա ընթացքում այդպիսի թվային փաստաթուղթը կդառնա «համար երկու անձնագիր»: Բանն այն է, որ մենք կարող ենք դառնալ աշխարհում առաջիններից մեկը, ով օգտագործում է տեխնոլոգիական առավելությունները և օրինակ է ծառայում այլ երկրների համար», - ասել է Բյորդսկովը տեղական լրատվամիջոցների կողմից հեռարձակված մամուլի ասուլիսի ընթացքում:

Նման փաստաթղթեր ներկայացնելու գաղափարին ակտիվորեն նպաստում է Դանիայի գործարար համայնքը, որը պատրաստ է մասնակցել գործընթացին: Դանիայի Համադաշնության արդյունաբերության վարչության տնօրեն Լարս Սանդալ Սյորենսենն ասել է. «Մենք կցանկանայինք մշակել «կորոնաանձնագրերի» ներդրման համակարգ, որը կարող է կիրառվել Դանիայի մշակութային կյանքի և տարբեր միջոցառումների ժամանակ, ինչպես նաև կարգավորել գործարար կյանքը, որպեսզի կարողանանք ճանապարհորդել և պատասխանատու կերպով մոտենալ այս ամենին»: Նրա կարծիքով, նման անձնագրերի անհրաժեշտությունը կշարունակվի մի քանի տարի:

Դանիայի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Բրայն Միկելսենի խոսքով ՝ «կորոնաանձնագիրը» «լույս է թունելի վերջում»:

«Նման անձնագրերի ներդրումը նշանակում է, որ մենք կարող ենք դանիական հասարակությունն աստիճանաբար ազատել սահմանափակումներից: Սա հիանալի նորություն է: Մենք շատ ուրախ ենք, որ դա տեղի է ունենում», - ասել է Միկելսենը:

Դանիայի թագավորությունում կորոնավիրուսային համաճարակի ի հայտ գալուց ի վեր վարակվել է մոտ 200 հազար մարդ, որից ավելի քան 2.1 հազարը մահացել է: