«Տարբեր գնահատականներով՝ Դոնբասում մեզ հասցվել է շուրջ 120 միլիարդ դոլարի գույքային վնաս». Ուկրաինայի փոխվարչապետ

14:03 • 03.02.21

Դոնբասի հակամարտության հետևանքով Ուկրաինայի կրած գույքային վնասը կազմում է մոտ 120 միլիարդ դոլար: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի փոխվարչապետ , Դոնբասի կարգավորման հարցով Կիևի պատվիրակության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ռեզնիկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին Ռեզնիկովը հայտնել էր, որ երկրի արևելքում  հակամարտության պատճառով Ուկրաինան կորցրել է շուրջ 100 միլիարդ դոլար:

«Տարբեր գնահատականներով՝ Դոնբասում մեզ հասցվել է շուրջ 120 միլիարդ դոլարի գույքային վնաս: Ըստ Վիեննայի միջազգային տնտեսական հետազոտությունների ինստիտուտի, տարածաշրջանը վերականգնելու նպատակով անհրաժեշտ է նվազագույնը մոտ 22 միլիարդ դոլար», - ասել է Ռեզնիկովը:

Նրա խոսքով՝ այժմ անհնար է ճշգրիտ հաշվարկել, թե որքան պետական գույք է թողել Ուկրաինան ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում, ինչպես նաև անհնար է գնահատել ֆիզիկական անձանց կորուստները: