Նոր Զելանդիան երբևէ կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը․ Stuff

14:39 • 03.02.21

Նորզելանդական Stuff  լրատվական կայքն  անդրադարձել է լոնդոնցի լրագրող Ջեյմս Ռոբինսի՝ «Երբ մենք՝ մեռածներս, արթնանում ենք. Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հայոց ցեղասպանությունը» վերտառությամբ նոր գրքին, Հայոց ցեղասպանության ականատեսներ դարձած ԱՆԶԱԿ-ի  (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային զորամիավորումները) զինվորներին և այն պատճառներին, թե ինչու մինչ օրս Նոր Զելանդիան և Ավստրալիան չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հոդվածագիր Ֆիլիպ Մեթյուզը նշում է, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կառավարության կողմից «ավելի քան 1 միլիոն հայերի սպանության հետ նորզելանդացիների կապը խորհրդավոր և հաճախ շատ զգացմունքային է, ինչն էլ ավելի զարմանալի է դարձնում այն փաստը, որ ո՛չ Նոր Զելանդիան, ո՛չ Ավստրալիան մինչ օրս չեն ճանաչել Հայոց Ցեղասպանութունը»։

Պատմաբանները համակարծիք են, որ այն 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, իսկ նորզելանդացիները տեղյակ էին՝ ինչ է կատարվում, գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ լրագրող Ջեյմս Ռոբինսն այդ տարիների նորզելանդական և ավստրալական թերթերի արխիվները քրքրելով՝ Հայոց ցեղասպանության մասին ավելի քան 13 000 պատմություն է հայտնաբերել։

Դրանց մասին հեղինակը խոսքում է իր «Երբ մենք՝ մեռածներս, արթնանում ենք. Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հայոց ցեղասպանությունը» նոր գրքում, որը լրագրողի գրեթե հնգամյա աշխատանքի արդյունքն է։

Ընդհանուր ինքնություն

Երեսուներկու երկիր պաշտոնապես ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը։

«Գոյություն ունի մարդկության դեմ հանցագործությունների էջը փակելու եռակի տեսություն, որը ենթադրում է ճանաչում, պատիժ և փոխհատուցում»,- ասել է Նոր Զելանդիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հուրի Ելդիզյանը։

Աղբյուրը նշում է, որ Նոր Զելանդիայում «Կանաչների կուսակցությունը» Ցեղասպանության ճանաչման քաղաքականություն վարող միակ խոշոր կուսակցությունն է։ Կուսակցությունը 2015 թվականին հիշատակի օր է անցկացնել, իսկ 2018 թվականին կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Գալիպոլիի խնդիրը

1915թ․ ապրիլի 25-ին Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակային զորամիավորումները (ԱՆԶԱԿ) բրիտանական հրամանատարության ներքո ափ իջան Գալիպոլիի թերակղզում՝ համաձայն Ուինսթոն Չերչիլի ծրագրի՝ դեպի Սև ծով ճանապարհ բացելու և Կ․Պոլիսը գրավելու նպատակով։ Գալիպոլիի մարտերը սկսվեցին 1915թ․ ապրիլի 25-ին՝ հայ մտավորականների ձերբակալությունից մեկ օր անց, և ավարտվեցին 1916թ․ հունվարի 9-ին։ Այդ ժամանակահատվածում Գալիպոլիում զոհվեց 8709 ավստրալացի և 2721 նորզելանդացի, շուրջ 217 զինվոր էլ դարձան օսմանյան բանակի ռազմագերի։ Առաջին հայացքից այս երկու պատմական իրադարձությունները որևէ կերպ փոխկապակցված չեն, սակայն իրականում հենց այս մարտերից հետո Ավստրալիայում սկիզբ առավ և համազգային բնույթ ստացավ հայանպաստ մարդասիրական շարժումը։ ԱՆԶԱԿ-ի բազմաթիվ զինվորներ դարձան Հայոց ցեղասպանության ականատեսները և պատերազմի ավարտից հետո վերադառնալով Ավստրալիա՝ մասնակցեցին մարդասիրական գործունեության կազմակերպմանը։

Ինչպես իր գրքում նշում է Ռոբինսը, Նոր Զելանդիայի կառավարությունը 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին չճանաչեց այն, քանի որ մտահոգված էր Թուրքիայի կողմից Գալիպոլիի հարյուրամյակի նախաշեմին հնարավոր սադրանքների առնչությամբ:

Ինչպես բացատրել է Ելդիզյանը, Թուրքիայի հետ առճակատման սպառնալիքը կախված է և՛ Ավստրալիայի, և՛ Նոր Զելանդիայի գլխին․ եթե երկրներից մեկը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այդ երկրների քաղաքացնիերին դժվար կլինի ամեն տարվա ապրիլին այցագիր ստանալ ԱՆԶԱԿ-ի ծովախորշ այցելելու համար: («ԱՆԶԱԿ-ի օրը»` ապրիլի 25-ը, Ավստրալիայում հիշատակի ազգային օր է)։

Ելդիզյանը Թուրքիայի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի միջև հարաբերությունները որակել է  «վիրավորական և մանիպուլյատիվ», քանի որ «մարդկության դեմ ապացուցված հանցագործությունների» պայմաններում այցագրային կարգավիճակն օգտագործվում է որպես շանտաժի միջոց ՝ Ցեղասպանության ժխտողականությունը պահպանելու համար։