Եկեք չգովազդենք այնպիսի աղբյուրներ, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի. «Իմ քայլի» պատգամավորը՝ ԶԼՄ-ներին անանուն աղբյուրներից հղում կատարելու արգելքի նախագծի մասին (տեսանյութ)
Քրտնաջան աշխատող լրատվականների հետ զուգահեռ հայտնվում են, օրինակ, տելեգրամյան ալիքներ, ֆեյսբուքյան էջեր, որոնք, որևէ աշխատանք չկատարելով, գեներացնում են տեղեկատվություն, որոնք էլ հայտնվում են լրատվական կայքերում և այդպիսով` իրական լրատվամիջոցներ փաստացի գովազդում են աղբյուրներ, որոնց ծագումնաբանության մասին մեզնից որևէ մեկը տեղեկություն չունի:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով խմբակցության կողմից առաջարկվող այն նախագծի մասին, որով ԶԼՄ-ներին արգելելվում է անանուն աղբյուրներին հղում կատարելը:
Պատգամավորի խոսքով՝ նախագիծն առաջարկողները կարծում են, որ այն մեծ հաշվով օգնելու է տարանջատել ճիշտ աղբյուրներով լուրերը: «Գոյություն ունեն աղբյուրներ, որոնք «մաքսանենգ ճանապարհով» տեղեկատվական դաշտում հայտնում են մեդիաարտադրանքներ, որոնց ծագումնաբանության և նպատակների մասին որևէ մեկը տեղեկություն չունի, և ինչու ենք մենք գովազդում մաքսանենգ ճանապարհով մեդիաարտադրանքը մեդիատիրույթ բերողներին»,-ասաց նա:
Վերջինիս պնդմամբ՝ նախագիծը չի արգելում վերարտադրել տարածվող տեղեկությունները, օրինակ՝ նշելով, որ այն համացանցում տարածված տեղեկությունների համաձայն է, ըստ նրա՝ այսպես եղել է միշտ, սակայն հղում տալ անհայտ ծագմամբ աղբյուրներին, ճիշտ չէ:
«Մենք ասում ենք՝ եկեք չգովազդենք այնպիսի աղբյուրների, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի: Օրինակները բազմաթիվ են, նաև MediaPort-ը, բոլորը այդ աղբյուրների վրա հղում անելը, ակտիվ լինկը տեղադրելը, անունը նշելը արգելվելու է այդ կարգավորմամբ: Սա բացարձակապես կապված չէ գաղտնի աղբյուրների հետ»,- նշեց պատգամավորը:
Նա նշեց, որ լրատվականները կարող են անգամ վերցնել այդ ալիքների տված տեղեկությունը, ճշտել, հավաստի դարձնել, նոր հրապարակել և այդ դեպքում չի խախտվի որևէ մեկի հեղինակային իրավունքը: «Գոյություն չունեցող մարդու հեղինակային իրավունքը ո՞նց կարելի է խախտել, Telegram-յան ալիքի հեղինակային իրավունքը ո՞րն է, կա՞ տենց բան»:
Մանրամասները՝ տեսանյութում










