Քայլ առ քայլ թուլացնելով Իրանի հետ լարվածությունը. ամերիկյան USS Nimitz ավիակիրը դուրս է բերվել Պարսից ծոցից
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Պարսից ծոցից դուրս է բերել ամերիկյան Nimitz ավիակիրը՝ փաստացի քայլ առ քայլ թուլացնելով նախկին նախագահ Դոնալ Թրամփի օրոք Իրանի հետ աճած լարվածությունը, հայտնում է Al Jazeera լրատվական գործակալությունը:
Պենտագոնի մամուլի խոսնակ Ջոն Քիրբին երեքշաբթի ասել է, որ USS Nimitz ավիակիրը նավարկել է ԱՄՆ-ի զինված ուժերի՝ Մերձավոր Արևելքում գտնվող կենտրոնական հրամանատարությունից դեպի Հնդկական-Խաղաղօվկիանոսյան հրամանատարության շրջան:
Մամուլի խոսնակ Ջոն Քիրբին հրաժարվել է խոսել ԱՄՆ-ի ռազմաբազաների կամ Պարսից ծոցի դաշնակիցների համար Իրանի ներկայացրած ռազմական սպառնալիքի մասին՝ հավելելով, որ, ըստ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, ԱՄՆ-ն արձագանքման համար ուժեղ ներկայություն ունի Մերձավոր Արևելքում:
«Մենք անընդհատ դիտարկում ենք սպառնալիքը: Մենք անընդհատ փորձում ենք համապատասխան հնարավորություններով կասեցնել այդ սպառնալիքը», - ասել է նա:
Լրատվական գործակալությունը նշել է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունն աճել էր, ինչի ֆոնին Իրանը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հինգ անգամ ռազմական զորավարժություններ է անցկացրել:










