«Դրանք ֆինանսավորվում են ՌԴ-ից». Զելենսկիի մամուլի խոսնակը մեկնաբանել է ընդդիմադիր հեռուստաալիքների արգելափակումը

14:13 • 03.02.21

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը ասել է, որ «112 Ուկրաինա», NewsOne և ZIK ընդդիմադիր հեռուստաընկերությունների նկատմամբ կիրառված պատժամիջոցները ոչ մի կապ չունեն խոսքի ազատության նկատմամբ ճնշման հետ, և պնդել է, որ Ռուսաստանի կողմից դրանց ֆինանսավորումը հաստատված է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Հինգշաբթի երեկոյան ուժի մեջ է մտել նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագիրը, համաձայն որի՝ 5 տարի ժամկետով պատժամիջոցներ են սահմանվել «112 Ուկրաինա», NewsOne և ZIK հեռուստաընկերությունների նկատմամբ: Այս որոշումը տարածվում է նաև ուկրաինական «Հանուն կյանքի՝ ընդդիմադիր հարթակ» կուսակցության այն անդամների վրա, որոնց պատկանում են վերոնշյալ հեռուստաընկերությունները:

«Վիկտոր Մեդվեդչուկի հեռուստաալիքների արգելափակումը, որոնք գրանցված են նրա գործընկեր Տարաս Կոզակի անունով, ոչ մի կապ չունի խոսքի ազատության նկատմամբ ճնշում գործադրելու հետ, քանի որ այն Ուկրաինայում անվիճելի արժեք է: Փոխարենը, այդ հեռուսաընկերությունները վերածվել են քարոզչական գործիքների, որոնք օգտագործվում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու պետական սահմանները խախտած ագրեսոր պետության շահերն արտահայտելու համար: Այդ ալիքների ռուսական ֆինանսավորումն արդեն հաստատված է », - գրել է Մենդելը իր ֆեյսբուքյան էջում: Այնուամենայնիվ, նա Ռուսաստանի Դաշնության կողմից հեռուստաալիքների ֆինանսավորումը հաստատող ոչ մի ապացույց չի տրամադրել: Մենդելը հավելել է, որ հեռուստաալիքներն արգելափակվել են՝ ազգային անվտանգությունը պաշտպանելու նպատակով:

Հեռուստաալիքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ցանկը ներառում է ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերման կանխում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման կասեցում, ինչպես նաև լիցենզիաների և այլ թույլտվությունների չեղարկում կամ կասեցում: Բացի այդ, հեռուստաընկերություններին արգելվել է օգտագործել Ուկրաինայի ռադիոհաճախականության ռեսուրսը և այդպիսով վերահեռարձակել հեռուստածրագրերը:

Լրատվական գործակալությունը նշել է, որ Դոնբասում հակամարտության ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները նախկինում բազմիցս մեղադրել են Ռուսաստանին՝ երկրի ներքին գործերին միջամտելու համար, իսկ 2015 թվականի հունվարին Գերագույն ռադան ընդունել է հայտարարություն, որում Ռուսաստանի Դաշնությանն անվանել է «ագրեսոր երկիր»: Ռուսաստանը հերքել է ուկրաինական կողմի մեղադրանքներն ու դրանք «անընդունելի» անվանել: