Թուրքերը, իհարկե, մեզ պետք է ծաղրեն․ եթե ՀՀ-ի ԱԱԾ գործակալը նստած լիներ Միլի Մեջլիսում՝ որպես նախագահող, մենք թուրքերին չէի՞նք ծաղրի, կծաղրեինք. ՇՊՀ դասախոս (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետությունը չի տեղավորվում պետության որևէ սահմանման մեջ․ Գյումրիում կայացող «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքին այս տեսակետը հայտնեց Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը։
Նա նշեց՝ պետք է պատասխանել մի քանի հարցերի՝ մեզ պե՞տք է պետություն, եթե այո, ինչպիսի՞, ունա՞կ ենք ստեղծել կանոններ և դրանց ենթարկվել։
«Մենք 30 տարի ցույց ենք տվել, որ հայերս դեռ ունակ չենք ստեղծել կանոններ, որոնց կարող ենք բոլորս ենթարկվել։ Հաջորդ ցավոտ հարցը՝ ի՞նչ է տեղի ունեցել հայերիս հետ վերջին 3 տարիների ընթացքում։ Մենք կոլեկտիվ էթիկետը մշտապես ավելի բարձր ենք դրել, քան ճշմարտությունը, որովհետև երբ մի բան խոսում ենք, որը խմբային շահին հակասում է, խոսքից հետո մեզ կմոտենան մեր ընկերները և կասեն՝ էս ինչ ես անում»,-ասաց նա՝ նշելով, թե նույն իրավիճակն այսօր «Իմ քայլը» խմբակցությունում է։
«Այս մարդկանց սովորեցրել են, որ եթե մի ճշմարիտ բան ասեն, բայց խմբային շահին հակասող, դա դավաճանություն է»,-նշեց ՇՊՀ դասախոսը։
Նրա խոսքով՝ պատերազմի 44 օրերի ընթացքում ստի «թագակիրը» Արծրուն Հովհաննիսյանն է եղել, բայց իր համոզմամբ՝ յուրաքանչյուր հայ կաներ այն, ինչ արել է Հովհաննիսյանը։ «Լավ, նա խաբում էր, մենք էլ չխաբվեինք»,-նշեց նա։
Համբարձումյանը նշեց, որ երբ պատերազմի ընթացքում հայտարարել է, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իրեն մեղադրել են մարդիկ, որոնք հիմա Փաշինյանին են դավաճան անվանում, ու ասում՝ պետք է հեռանա։ «Նիկոլն իր կերպարով որևէ բանով չի տարբերվում այդ մարդկանցից, Նիկոլն այդ մարդկանց ծոցից դուրս եկած մարդ է»,-ասաց նա։
Ըստ Համբարձումյանի՝ պետք է դիտարկել՝ ինչեր են կատարվել։ «Ունեինք հետևյալ իրավիճակը՝ իշխանության էին բերել մեկին, որն ասում էր՝ քանի որ ես ձեզ ազատել եմ նախկին իշխանություններից, պետք է ինձ երկրպագեք։ Ինքն իրեն դրել էր քաղաքական մեսիայի տեղ, և ժողովուրդը թույլ տվեց, որ ինքն իրեն այդ տեղում կոմֆորտ զգա։ Իր երկու տարվա կառավարման ընթացքում ինքն ունեցել է մեկ նպատակ՝ քանի որ ինքը «մեսիան» է, իշխանության բոլոր ճյուղերը պետք է ենթարկվեն իրեն՝ դատական, օրենսդիր իշխանությունները, նաև՝ Արցախը։ Ասում էր՝ այն մարդիկ, որոնք չեն ենթարկվում ժողովրդի վարչապետին, չեն ենթարկվում ժողովրդին։ Սա ճանապարհ էր, որ տանում էր դեպի ֆաշիզմ»,-ասաց ՇՊՀ դասախոսը։
Վերջինիս խոսքով՝ պետք է գիտակցել՝ մենք պարտվել ենք, ու չզարմանալ, որ մեզ ծաղրում են։ «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մարդը, որի մասին լրջագույն կասկածներ կան, որ թուրքական գործակալ է, նստած է սեղանի գլխին, և մենք դա հանդուրժում ենք, հետո էլ ասում ենք՝ թուրքերը մեզ ծաղրում են․ բա պետք է ծաղրեն, բա ինչ պետք է անեն․ եթե ՀՀ-ի ԱԱԾ գործակալը նստած լիներ Միլի Մեջլիսում՝ որպես նախագահող, մենք թուրքերին չէի՞նք ծաղրի, կծաղրեինք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










