«ԱՄՆ-ն մտադիր է վերականգնել Պաղեստինին մարդասիրական օգնության տրամադրումը». Պետդեպ

16:06 • 03.02.21

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր է վերականգնել պաղեստինցի ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:

Ի պատասխան Al-Quds լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստվում է վերականգնել ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալությանը տրամադրվող օգնությունը, պաշտոնյան նշել է՝ այո:

«ԱՄՆ-ն մտադիր է վերականգնել պաղեստինցի ժողովրդին տրամադրվող մարդասիրական օգնությունը: Մենք դա չենք անում որպես լավություն, այլ անում ենք, քանի որ դա շահավետ է Միացյալ Նահանգների համար: Գլոբալ առումով, մեր մարդասիրական օժանդակությունը, որը ներառում է սննդային շտապ օգնություն, առողջապահություն և կրթություն, շատ կարևոր է: Միևնույն ժամանակ Պաղեստինի ժողովրդին տրամադրվող օգնության դադարեցումը ո՛չ քաղաքական առաջընթաց է գրանցել, ո՛չ էլ զիջումներ է ապահովել Պաղեստինի ղեկավարությունից: Իհարկե, դա միայն վնասել է անմեղ պաղեստինցիներին»,- հայտնել է նա ու հավելել, որ այլ մանրամասներ լինելու դեպքում անպայման այդ մասին կտեղեկացնի հանրությանը, քանի որ ԱՄՆ-ն այս պահին ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ: 

Հիշեցնենք՝ նախկինում Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության ամենամեծ աջակցողն էր: Ընդհանուր առմամբ, երկրի կողմից Պաղեստինին տրամադրվող հումանիտար օգնությունը գնահատվում էր մոտ 900 ԱՄՆ դոլար,սակայն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք օգնություն չի տրամադրվել: