Սպիտակ տան մամուլի խոսնակը Space Force-ը շփոթել է Air Force One-ի հետ և անհարմար իրավիճակում հայտնվել

16:41 • 03.02.21

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նախորդ օրը կայացած ճեպազրույցում շփոթվել է՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որևէ որոշում է կայացրել 2019 թվականին ստեղծված ռազմատիեզերական ուժերի վերաբերյալ: Այս մասին գրում է Politico հրատարակությունը:

«Օ՜, Space Force (ռազմատիեզերական ուժեր): Սա ժամանակակից ինքնաթիռ է», - ի պատասխան լրագրողներից մեկի հարցին՝ նշել է խոսնակը:

Հրապարակման մեջ ասվում է, որ նա Space Force-ը շփոթել է ԱՄՆ նախագահի՝ Air Force One ինքնաթիռի հետ:

Փսակին հավելել է, որ հարցը հետաքրքիր է և խոստացել է տեղեկատվությունը ճշտել տիեզերական ուժերի հետ առնչվող պաշտոնյայի հետ: Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ չգիտի, թե ով է այդ անձը, բայց կփորձի պարզել:

Միջադեպի կապակցությամբ կոնգրեսական Մայք Ռոջերսը հորդորել է Փսակիին անհապաղ ներողություն խնդրել: Նրա կարծիքով, խոսնակն այդ կատակով «թերագնահատել է զինված ուժերի մի ամբողջ տեսակի կարևորությունը»:

Այնուամենայնիվ, Politico-ն նկատում է, որ Փսակին ավելի ուշ իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ ինքն աջակցում է ռազմատիեզերական ուժերին, և որ Սպիտակ տունը միշտ ուրախ է լսել վերջինիս ներկայացուցիչներին:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության օրոք հայտարարել էր երկրում ռազմատիեզերական ուժերի ստեղծման մասին, որոնք պետք է դառնան «ԱՄՆ զինված ուժերի վեցերորդ լիարժեք ճյուղը»: Լրագրողի հարցը վերաբերում էր հենց այս կառույցին, այնինչ Փսակին շփոթել էր այն Air Force One-ի հետ, որը ԱՄՆ նախագահին տեղափոխող ինքաթիռ է: