ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը և այլևս նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված է. Արամ Վարդևանյան (տեսանյութ)
Սահմանադրական դատարանը վերջապես Սահմանադրությանը հակասող ճանաչեց այդ չարաբաստիկ 300.1 հոդվածը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
Փաստաբանը նաև նշեց՝ Աննա Դանիբեկյանը դադարեցնելու է քրեական հետապնդումը:
«Աննա Դանիբեկյանը քրեական հետապնդումը 300.1 հոդվածով դադարեցնելու է և ՍԴ-ի որոշման ուժով բոլոր ակտերը, որոնք վերաբերվում են այդ հոդվածի ընդումանը պահից ի վեր, ուժ չունեն և քրեական օրենսգրքում այլևս այդպիսի հոդված չկա»,- նշեց փաստաբանը:
Նա նաև հավելեց՝ Սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում:
«ՍԴ-ի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից և որոշումը կհրապարակվի եռօրյա ժամկետում և կայքում կհրապարակվի ամբողջականը, պարոն Խունդկարյանը պատճառաբանական մասի վերաբերյալ ունի հատուկ կարծիք, և փաստորեն ՍԴ-ի այլ դատավորները հատուկ կարծիք չունեն»,- մեկնաբանեց նա:
Արամ Վարդևանյանը նաև ասաց, որ ՍԴ-ն այսօր գտնվեց իր բարձունքի վրա, և իրենց 3 տարվա աշխատանքի արդյունքում այդ չարաբաստիկ հոդվածը անվավեր ճանաչվեց:
«Ես ցավում եմ , որ այս ամենը տևեց 3 տարի ես, 2018 թվականի սեպտեմբերից մեր փաստաբանական թիմը, և անձամբ Ռոբերտ Քոչարյանը նշում էր, որ 301.-րդ հոդվածը ոչ որոշակի է. և իհարկե ափսոս, որ միայն 2021 թվականին այս ամենը պետք է արձանագրվեր, բայց այսօր բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա, սա նշանակում է, որ 300.1 հոդվածով ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, և այս քրեական հետապնդումը դադարեցվելու է»,- մեկնաբանեց Արամ Վարդևանյանը:










