Միջանցքի մասին Ալիևի հայտարարությունը խոսում է նրա մասին, որ կա բանավոր պայմանավորվածություն, Ալիևը դա գիտի, դրա համար իր խոսքը ասում է. Սեյրան Օհանյան
Փորձը ցույց է տալիս, որ այս իշխանությունների մոտ հայտարարությունները պահի հետ կապված են, և յուրաքանչյուր դեպք, լինի դա մարտական գործողություն, խոշոր օպերացիա, զոհ, միջադեպ, գերի ընկնել և այլն, պետք է քննության առարկա դառնա, և պարզվի՝ ինչպես են այդ դեպքերը տեղի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով տարածված տեսանյութում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից գերիների հասցեին հնչեցված հայտարարություններին, ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Այս պարագայում բարոյականությունից զուրկ գնահատական է դա, թող պատկան մարմինները պարզեն։ Խորհուրդ կտայի այդ մարմիններին, ղեկավարությանը ուսումնասիրել Զինված ուժերի համազորային կանոնադրությունները և զինված հակամարտությունների օրենք հասկացությունը։ Այս ամենը ուսումնասիրելուց հետո նրանք կգան համապատասխան եզրակացության։ Յուրաքանչյուր արտահայտություն պետք է զգույշ արվի։ Մենք նախաձեռնել էինք գերիների, անհետ կորածների ճակատագրերի ուսումնասիրման նիստ, որը փակ իրականացվեց, ինչին մենք դեմ էինք, որովհետև հանրային հետաքրքրություն ունեցող հարցերը պետք է քննարկվեն բաց ձևաչափով։ Նիստին ներկայացել էին ոչ քաղաքական ներկայացուցիչներ։ Անցել է մեկ տարի, բայց չի ստեղծվել համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի գերիների, անհետ կորածների հարցերով»,- ասաց Օհանյանը։
Օհանյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի մի քանի հանդիպումները գերիների և անհետ կորածների հարազատների հետ դեռ չի նշանակում՝ իրականացնել պլանային աշխատանքներ։ Մենք որերորդ անգամ հրավիում ենք պատասխանատու պաշտոնատար անձանց, որ գան, ներկայանան այդ նիստերին, բայց չեն ներկայանում։ Մենք գտանք, որ անիմաստ են այդ քննարկումները, որովհետև պատկան պաշտոնատար անձինք չկան, իսկ նրանք, ովքեր ներկայանում ենք, չեն կարող այդ հարցերին պատասխանել»,- նշեց նա։
Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման գործընթացներին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված «Զանգեզուրի միջանցքի» բացման ամսաթիվ հրապարակելու պահանջին՝ Օհանյանը պատասխանեց.
«Այսօր քաղաքական մեծամասնությունը չի ուզում անդրադառնալ այդ զգայուն հարցին, որը շարունակությունն է այն գործողությունների, որ թուրք- ադրբեջանական տանդեմը իրականացրել է։ Ժողովրդի առջև հաշվետու լինելու պատրաստակամությունը հակադրվում է այն գործողություններին, որոնք իրականացնում են այս իշխանությունները։ Երբ անհրաժեշտ է մարտական հերթապահության առումով զինվորական ստորաբաժանում տանել, այնտեղ տեղակայել չեն անում, բայց ադրբեջանցիների մաքսակետի դիմաց միանգամից տարել մեր մաքսակետն տեղադրել են։ Սա նշանակում է, որ ժողովրդից թաքուն իրականացրել են սահմանների ճշտումներ։ Ալիևի հոխորտանքը իր հայատյաց հռետորաբանության շարունակությունն է և այն իրավիճակի շարունակությունը, որ այսօր պարտված իշխանությունները գտնվում են ճնշման և պարտադրանքի ներքո»։
Օհանյանը շեշտեց, որ այդ ապաշրջափակման անվան տակ պետք է ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա։
«Առաջինը թուրք-ադրբեջանական իշխանությունների խաբելն է ՀՀ իշխանություններին, երկրորդ`այդ ապաշրջափակումը մեզ համար լինելու է խորը շրջափակում։ Միջանցքի անուն տալը նշանակում է ոչ թե մեկ ճանապարհ, այլ մի քանի ճանապարհներ պետք է լինեն այդ հատվածում։ Մենք հայտնվելու ենք խորը շրջափակման մեջ, տնտեսական ճնշման տակ և Սյունիքի մարզում ժողովրդագրական պատկերի փոփոխության առումով։ Ալիևը ինչ ուզում, պարտադրում է Հայաստանին։ Սա նաև խոսում է նրա մասին, որ կան բանավոր, գաղտնի պայմանավորվածություններ։ Ալիևը վստահ է, որ դա կա, դրա համար իր խոսքը ասում է։ Ալիևի մեսիջը ուղղված էր միջազգային հանրության և ՀՀ իշխանություններին»,- ընդգծեց պատգամավորը:
Խոսելով սահմանների կահավորման մասին՝ Օհանյանը նշեց, որ բանակի ղեկավարությունը ի զորու է դա անել, այդ հարցի հասցեատերը Հայաստանի ղեկավարությունն է։
«Եթե Ադրբեջանից վախ կա, ուրեմն ավելի արագ պետք է մեր դիրքերը կահավորենք, խրամատավորենք զինվորներին, և մոբիլիզացնենք պետության ողջ ներուժը»,- ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։










