Ուկրաինայի բանակում կարող է ներդրվել զորակոչի իսրայելական մոդելը. Զելենսկի

22:28 • 23.06.22

Ուկրաինայի բանակի զորակոչի սխեման կարող է փոխվել իսրայելական մոդելի: Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելից ժամանած ուսանողների և ուսուցիչների առջև առցանց ելույթի ժամանակ, հայտնում է korrespondent.net-ը:

«Կարծում եմ, որ շատ ոլորտներում մեզ սպասում են ձեր հրաշալի պետությանը նման շատ բաներ: Մենք հասկանում ենք, որ մեր հարևանը Ռուսաստանի Դաշնությունն է: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը, նույնիսկ պատերազմի ավարտից և մեր հաղթանակից հետո, կարող է նորից 10-20 տարի անց գնալ հարձակման։ Ես չեմ ասում, որ դա անպայման կլինի։ Բայց մենք այլևս չենք վստահում ռուս հարևանին», - ընդգծել է Զելենսկին։

Նա նշել է, որ բանակի և պաշտպանության հին համակարգին վերադարձ չի լինելու՝ «մոտեցումը փոխվելու է»։

Զելենսկու խոսքով՝ այժմ դիտարկվում է «իսրայելական» մոդելը, երբ ապագա ուսանողները նախ զորակոչվում են բանակ կամ անցնում այլընտրանքային ծառայության, հետո միայն կրթություն ստանում։ Ընդ որում, առաջին կուրսի ուսանողի միջին տարիքը մոտ 23 տարեկան է։