Հիմա այն ժամանակն է, երբ Ռուսաստանի ավերիչ պատերազմը պետք է և կարելի է դադարեցնել. Զելենսկին՝ G20-ի մասնակիցներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բալիում G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր տեսաուղերձում կոչ է արել վերջ տալ Ռուսաստանի ավերիչ պատերազմին։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
«Եթե խաղաղությունը վերականգնելու կոնկրետ գործողություններ չկան, դա նշանակում է, որ Ռուսաստանը պարզապես ցանկանում է նորից խաբել բոլորիդ, խաբել աշխարհին և սառեցնել պատերազմը հենց այն ժամանակ, երբ նրա պարտությունները հատկապես նկատելի են դարձել: Մենք թույլ չենք տա Ռուսաստանին ժամանակ շահել, հզորանալ, ապա սկսել ահաբեկչության և գլոբալ ապակայունացման նոր շարք։ Ես համոզված եմ, որ հիմա այն ժամանակն է, երբ Ռուսաստանի ավերիչ պատերազմը պետք է և կարելի է դադարեցնել»,- ասել է Զելենսկին։
Նա շեշտել է, որ Ռուսաստանը պետք է վերահաստատի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, դուրս բերի իր զորքերը ուկրաինական տարածքից և փոխհատուցում վճարի պատճառված վնասի համար։
Ելույթ ունենալով գագաթնաժողովում՝ Զելենսկին ասել է, որ Մինսկ-3 (նկատի ունի Մինսկյան պայմանավորվածությունները-Խմբ.) չի լինելու։
Անդրադառնալով Ուկրաինայի Զապորոժիե ատոմակայանում շարունակվող մարտերին՝ Զելենսկին ասել է, որ ոչ ոք իրավունք չունի աշխարհին շանտաժի ենթարկել միջուկային աղետով, և որ Ռուսաստանը ատոմակայանը վերածել է «ռադիոակտիվ ռումբի, որը կարող է ցանկացած պահի պայթել»։










