Բայդենը դաշնակիցներին ասել է, որ Լեհաստանում ընկած հրթիռն արձակվել է ուկրաինական ՀՕՊ-ի կողմից. Reuters

15:07 • 16.11.22

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դաշնակից պետությունների ղեկավարներին ասել է, որ Լեհաստանում երկու մարդու կյանք խլած հրթիռն արձակվել է ուկրաինական հակաօդային պաշտպանության կողմից: Ինչպես նշում է Reuters-ը, չորեքշաբթի այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի աղբյուրը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բայդենն ասել էր, որ «նախնական տեղեկություններով՝ ռուսական կողմից հրթիռի արձակման վարկածը հերքվում է»։

«Ես չեմ ուզում դա ասել մինչև հետաքննության ամբողջական ավարտը, բայց (հրթիռի) հետագծի առումով քիչ հավանական է, որ այն արձակված լինի Ռուսաստանից։ Բայց մենք կտեսնենք»,- ասել էր նա լրագրողներին Բալիում համաշխարհային առաջնորդների հետ հանդիպումից հետո։

Բայդենը հավելել էր, որ մտադիր է պարզել Լեհաստանում հրթիռային միջադեպի ստույգ հանգամանքները, ապա որոշել, թե ինչ քայլեր ձեռնարկել։ Նա նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի և G7-ի ղեկավարները հանդիպման ժամանակ քննարկել են Լեհաստանում հրթիռային միջադեպը և պայմանավորվել են օգնել Վարշավային հետաքննության հարցում։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ Վարշավան ստույգ տեղեկություն չունի, թե ում հրթիռներն են ընկել երկրի տարածքում։ Այս հայտարարությունը հակասում էր Լեհաստանի ԱԳՆ-ի պնդմանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրի տարածքում «ռուսական արտադրության» հրթիռ է ընկել, և այդ կապակցությամբ զանգահարել էր Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին:

Նոյեմբերի 15-ին լեհական լրատվամիջոցները հայտնել են Լեհաստանի տարածքում երկու հրթիռի ենթադրյալ անկման մասին՝ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլին վոյևոդությունում երկու մարդ է զոհվել։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չեն հասցվել, իսկ որոշ բեկորների հրապարակված լուսանկարները կապ չունեն ռուսական զենքի հետ։ «Ռուսական» հրթիռների ենթադրյալ անկման մասին լեհական լրատվամիջոցների բոլոր հայտարարությունները դիտավորյալ սադրանք են՝ իրավիճակը սրելու նպատակով, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ զրույցում ասել է Լեհաստանի տարածքում տեղի ունեցած միջադեպի «բոլոր փաստերը հաստատելու» անհրաժեշտության մասին։ Պենտագոնը նաև կոչ է արել առաջնորդվել միայն փաստերով և հրաժարվել է քննարկել ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի կիրառելիությունը, որում ասվում է, որ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում դաշինքի մեկ կամ մի քանի երկրների վրա զինված հարձակումը կդիտվի որպես հարձակում դրանք որպես ամբողջություն: