Կայացել է կամավորականների, պահեստազորայինների, աշխարհազորայինների միավորման հիմնադիր համաժողովը (լուսանկարներ)

16:02 • 29.07.23

Այսօր տեղի ունեցավ Կամավորականների, պահեստազորայինների, աշխարհազորայինների միավորման հիմնադիր համաժողովը, որին ներկա էին մի շարք կամավորականներ և նախկին զինվորականներ:

Միավորման նախաձեռնող խմբի անդամներից էին Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանը, ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը և «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը:

Այս միավորման նպատակն է խաղաղ պայմաններում միավորել ազգային, ընդդիմադիր քաղաքական ուժերին, համախմբվել ձևավորել մեկ միասնական համահայկական միացյալ դաշինք, և համագործակցելով այդ դաշինքի հետ, ոտքի հանել ժողովրդին։

«Մեր նպատակն է լուծարել Ազգային ժողովը, ձևավորել նոր Ազգային ժողով, ընտրել նոր ղեկավար: Մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը»,- ասաց միության հիմնադիրներից Ալբերտ Բազեյանը:

Միավորման նախաձեռնող խմբի անդամ Վարդան Խաչատրյանն իր ելույթում ներկայացրեց, թե ինչպես է այն ձևավորվել։

«Այս միավորումը ձևավորվել է բավականին բարդ գործընթացով, եղել են կարծիքների բախումներ, եղել են վեճեր, բայց մի բան եղել է գերակա՝ միշտ հավաքված են եղել հայրենասերներ, անձինք, որոնց համար հայրենիքից վեր ոչինչ չկա։ Եվ դա է պատճառը, որ մենք միավորվել ենք այսօր»,- ասաց նա:

Համաժողովին ելույթի համար խոսք տվեցին «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանին:

«Ցանկացած քաղաքական, հասարակական և այս պատասխանատու կառույցի նպատակը պետք է լինի ոչ թե անձերի հեռացումը, այլ լավ երկիր ունենալը: Ես ինքս հանդիսանում եմ քաղաքական ուժի ղեկավար և համաձայն չեմ այսօրվա ղեկավարմանը, սակայն երբեք մեր քաղաքական ուժը անձին հեռացնելը նպատակ չի ներկայացնում: Այստեղ հավաքվածները այնքան ուժեղ անձինք են, որ կարող են մշակել հրաշալի ծրագիր, որը առաջնահերթ իր մեջ կներառի երկրի անվտանգությունը: Եթե մենք որոշում կայացնենք, որ մեր նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, և եթե նա վաղը հրաժարական տա, կստացվի որ այս կառույցը իր կյանքը կանգնեցնելու է իր ծնվելու հաջորդ օրը»,- ասաց Թարվերդյանը: