Այս պահին տղաները բուժզննում են անցնում, 1-2 ժամից բոլորը դուրս են գալու և գնան տուն․ Շիրակի մարզպետ

20:32 • 13.12.23

Այս պահին տղաները բուժզննում են անցնում, ինչից հետո միայն հնարավոր կլինի նրանց տեսնել։ Այս մասին այսօր «Մուրացան» հոսպիտալի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Մարզպետի խոսքով՝ վերադարձած զինծառայողները 1-2 ժամից կարող են վերադառնալ տուն։ Հարցին՝ արդյոք բուժզննումից հետո վերադարձած զինծառայողները հարցաքննվելու են, Մուրադյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ բոլորը տուն են գնալու։

«Այս պահին միայն բուժզննում են անցնում, այլ ինֆորմացիա չունենք, սակայն գիտենք, որ 1-2 ժամից բոլորը դուրս են գալու։ Պետք է հետազոտվեն, որ վստահ լինենք՝ տղաներն առողջ են։ Երբ բուժզննումն ավարտվի, կհանդիպեն ծնողներին», - նշել է մարզպետը։

Նշենք, որ այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ հետազոտման են բերել վերադարձած զինծառայողներին:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն եւ կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա և հրապարակել վերադարձած գերիների անունները:

Այս պահին տղաները բուժզննում են անցնում, 1-2 ժամից բոլորը դուրս են գալու և գնան տուն․ Շիրակի մարզպետ