Հս. Կորեան աղբով և գոմաղբով լցված ավելի քան 150 օդապարիկ է նետել Հրվ. Կորեայի տարածք

09:22 • 29.05.24

Հյուսիսային Կորեան սահմանով ավելի քան 150 օդապարիկ է ուղարկել Հարավային Կորեա։ Դրանց մեջ եղել է տարատեսակ աղբ՝ պլաստիկ շշեր, մարտկոցներ, կոշիկի մասեր և նույնիսկ գոմաղբ։ Այս մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ հղում անելով երկրի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։

Ըստ զինվորականների՝ օդապարիկները սկսել են արձակվել երեկ՝ մայիսի 28-ի երեկոյան։ Սահմանը հատելուց հետո դրանք ընկել են երկրի տարբեր վայրերում։ Օդապարիկները հավաքվել են մանրամասն ուսումնասիրության համար, ասել է կոմիտեի ներկայացուցիչը։

«Հյուսիսային Կորեայի այս գործողություններն ակնհայտորեն խախտում են միջազգային իրավունքը և լրջորեն սպառնում են մեր ժողովրդի անվտանգությանը։ Կոչ ենք անում ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել իր անմարդկային և գռեհիկ գործողությունները»,- հավելել են շտաբում։

Անցյալ շաբաթ Հյուսիսային Կորեայի իշխանությունները նախազգուշացրել էին սահմանամերձ տարածքներում «կեղտի կույտեր նետելու» ծրագրերի մասին՝ ի պատասխան Հարավային Կորեայի կողմից թռուցիկներ ուղարկելուն: Դեռևս 2023 թվականին Հյուսիսային Կորեան պնդում էր, որ Հարավային Կորեայից արձակված օդապարիկներից նետված «թռուցիկներն ու այլ առարկաները» վարակված են եղել կորոնավիրուսով, ինչը, իբր, հանգեցրել է դրա տարածմանը հանրապետությունում։