2018 թ-ին մենք շարունակեցինք կղերաֆեոդալական ավանդույթները ու դա մեր ամենամեծ ամոթն է․ Նիկոլ Փաշինյան
Մենք պետք է լինենք կենսունակ որպես պետություն ու որպես ժողովուրդ, և սա բխում է գոյատևման տրամաբանությունից։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2023 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հարկ եմ համարում ընդգծել, որ կենսունակությունը այլևս բավարար չէ, հարկավոր է կենսուրախություն կամ կենսախնդություն»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ սա ֆունդամենտալ խնդիր է։
«Ժողովուրդը պետք է իմանա, թե ինչի համար է ֆինանսավորում, եթե ինքը ֆինանսավորում է, որ վատ ապրի, պակաս ազատ ու պակաս երջանիկ զգա իրեն, ապա այդ պետությունը մարդու համար կկորցնի իմաստը։ Անկախության ձեռքբերումից հետո մեր ամենատեսանելի միտումը եղել ու շարունակում է լինել արտագաղթի միտումը, իսկ արտագաղթը հետևյալն է՝ մարդը իր համար հարմար ապրելու տեղ է փնտրում։
Բա ՀՀ քաղաքացին պետություն է ստեղծել, որ իր համար հարմար ապրելու տեղ փնտրի՞, բա ինչո՞ւ է հարկ վճարում այս պետությանը։ Ինչո՞ւ է այսպես, որովհետև ՀՀ-ն կառավարվել է ու ՀՀ-ում իշխանությունը ձևավորվել է էլիտաների կողմից կամ իրենց էլիտա համարող շրջանակների կողմից, որոնց գաղափարախոսությունը եղել է կղերաֆեոդալական գաղափարախոսությունը ու այդ գաղափարաբանությունը վերջին դարերի ընթացքում էական զարգացում չի ունեցել։
Դա կրթական համակարգի միջոցով ներարկվել է մարդկանց ու արդյունքում մենք ստացել ենք այս ճեղքը։ Մարդը հիփոթեկային վարկ է վերցնում, տուն է ձեռք բերում ու գնում է վարձով ապրելու, սա է մեր իրականության կարճ ձևակերպումը։ Մի պարզ օրինակ բերեմ, երբ քաղաքացին կարճ տաբատով առավոտյան պատշգամբում նստում սուրճ է խմում, կողքից ասում են՝ այս ինչ ես անում, բայց չի կարելի, դու վիրավորում ես մեր պատկերացումները։ Սուրճ խմելու համար վեհ գաղափարներ կան, գետինը մտնես, այդ վեհ գաղափարների պայմաններում շորտիկը հագել կոֆե ես խմում, փոխանակ բալկոնից քեզ գցես, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրես ինչ-որ խնդիրների շուրջ։
Գունավոր շորեր ես հագնում՝ ասում են գետնինը չես մտնում, ոնց կարելի է գունավոր շոր հագնել, բա ով է ողբալու, որ դու գունավոր շոր ես հագել, տականք դավաճան, ծնունդ է անում, ասում են հոգեհանգիստը թողած՝ ծնո՞ւնդ ես անում, այսքանից հետո մարդը ասում է՝ այս տունը ձեզ, սուրճի բաժակն էլ նվեր, ես գնում եմ ապրեմ մի տեղ, որտեղ կարող եմ պատշգամբում սուրճ խմեմ, որտեղ ինձ դրա համար ամոթանք չեն տա»,- ասաց Փաշինյանը։
Վերջինիս խոսքով իրենց իշխանության ամենամեծ խնդիրներից մեկը եղել է, իր բնորոշմամբ, ձևավորված կղերաֆեոդալական ավանդույթների շարունակումը։
«Երբ 2018 թ-ին մենք ստանձնել ենք ՀՀ-ում կառավարումը, շարունակել ենք կղերաֆեոդալական ավանդույթները, սա մեր ամենամեծ ամոթն է։ Երբ մեզ ասում են դուք ուրիշ բան էիք ասում 2018-19-ին, հիմա ուրիշ բան եք ասում, ինչու է այդպես, որովհետև մենք ինքներս մեր մեջ հաղթահարում ենք կղերաֆեոդալական մտածողությունը ու կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում դրա դեմ, ասում են՝ ինչ իրավունք ունեք մտածել, մենք ենք ստեղծել մտածողության գաղափարները դարեր ի վեր ու պարտավոր եք մտածել դրա շրջանակում, եթե մտածում եք այդ շրջանակից դուրս, ուրեմն դավաճան եք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։










