Գերմանիայում վարժանքների ժամանակ ոստիկանության ու բանակի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել

23:41 • 23.10.25

Գերմանիայի Բավարիա երկրամասի Էրդինգ քաղաքի մոտակայքում Բունդեսվերի զինվորի և ոստիկանների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին հայտնել է Բավարիայի ոստիկանությունը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ Էրդինգի մոտակայքում զինված տղամարդու մասին հաղորդում է ստացվել։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկանական ուժեր։

Հաղորդագրության մեջ նշված է, որ իրադարձությունների սխալ մեկնաբանության պատճառով տեղի է ունեցել Բունդեսվերի և ոստիկանության միջև փոխհրաձգություն։ Մեկ զինվոր թեթև վիրավորվել է։ Դեպքի վայրը շրջափակվել է, այնտեղ ոստիկանական ուղղաթիռ է ուղարկվել։

Ավելի ուշ պարզվել է, որ «Մարշալ Փաուեր 2025» ռազմական ոստիկանության վարժանքները տեղի էին ունենում Բավարիայում, և զենքը կրող տղամարդը զինծառայող է եղել։ Վիրավոր զինվորը հոսպիտալացվել է։