«LiXiang Mega» էլեկտրական մեքենան հրդեհվել է ընթացքի ժամանակ
Չինաստանում կրկին հրդեհ է բռնկվել էլեկտրական մեքենայում՝ այս անգամ այն «LiXiang Mega» մինիվենում էր։ «Li Auto»-ի բաժնետոմսերը Հոնկոնգի բորսայում անկում են ապրել՝ «LiXiang Mega» էլեկտրական մեքենայի հրդեհից հետո, հաղորդում է CnEVPost-ը։
Չինական սոցիալական ցանցերում շրջանառվող բազմաթիվ տեսանյութերում երևում է, թե ինչպես է միկրոավտոբուսն ընթանում ցածր արագությամբ, երբ լուսացույցի խաչմերուկում նրա շասսիից կայծեր են բռնկվել, և վայրկյանների ընթացքում ամբողջ մեքենան այրվել է։ Բարեբախտաբար, ուղևորները կարողացել են արագ դուրս գալ առջևի նստատեղերից։ «Li Auto»-ի ներկայացուցիչը հաստատել է, որ դռները բացվել են առանց խնդիրների
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան՝ Պեկինի ժամանակով, Շանհայի Շյուհույ շրջանի ճանապարհներից մեկում:
Սա վերջին ամսվա ընթացքում էլեկտրական մեքենայի երկրորդ աղմկահարույց հրդեհն է։ Նախկինում՝ հոկտեմբերի 13-ին, «Xiaomi Su7» էլեկտրական մեքենան հրդեհվել էր Սիչուան նահանգի Չենդու քաղաքում տեղի ունեցած լուրջ բախումից հետո։ Սակայն այդ միջադեպի ժամանակ մեքենայի դռները փակ էին, և վարորդը չէր կարողացել դուրս գալ կրակի թակարդից։
«LiXiang» -ի միջադեպը տեղի է ունեցել «Mega» մոդելի վաճառքի աճի ֆոնին, որը «Li Auto»-ի համար էլեկտրական մեքենաների շուկայի հիմնական խաղացողներից է: «Mega»-ն ընկերության առաջին լիովին էլեկտրական մոդելն է, որը ներկայացվել է 2024 թվականի մարտի 1-ին:














