Գերմանիայում գրիպի պատճառով ավելի քան 500 հազար թռչուն է ոչնչացվել
Գերմանական 30 ֆերմայում ստիպված են եղել ավելի քան 500 հազար հավ, բադ, սագ և հնդկահավ ոչնչացնել թռչնագրիպի վիրուսի տարածման վտանգի պատճառով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է NTV-ն՝ հղում անելով Ֆրիդրիխ Լյոֆլերի անվան դաշնային անասնաբուժական ինստիտուտի (FLI) ներկայացուցիչներին։
Այս տարվա սեպտեմբերի սկզբից ի վեր Գերմանիայի Դաշնային հետազոտական ինստիտուտը գրանցել է H5N1 թռչնագրիպի 31 բռնկում Գերմանիայի ֆերմերային տնտեսություններում: Այս բռնկումների մեծ մասը տեղի է ունեցել Ստորին Սաքսոնիայի, Բրանդենբուրգի և Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանիայի նահանգներում: Թռչնագրիպի դեպքեր են գրանցվել նաև երկրի այլ շրջաններում:
FLI-ի տնօրեն Քրիստա Կյունը դժվարացել է կանխատեսել Գերմանիայում թռչնագրիպի իրավիճակի հետագա զարգացումը։ «Ամեն դեպքում, FLI-ն կանխատեսում է բռնկումների և վարակի դեպքերի հետագա աճ», - նշել է նա։














