Մասկը թողարկել է Grokipedia առցանց հանրագիտարանի իր սեփական տարբերակը
Իլոն Մասկը թողարկել է Grokipedia անունով առցանց հանրագիտարանի իր սեփական տարբերակը, հաղորդում է The Washington Post-ը։
Ըստ թերթի՝ Grokipedia-ն, որը պետք է լինի Վիքիպեդիայի այլընտրանքը, գործարկվել է հոկտեմբերի 27-ին։ Այն ներկայումս պարունակում է արհեստական բանականության միջոցով գրված ավելի քան 800,000 գրառում։ Վիքիպեդիան ունի մոտ 8 միլիոն հոդված։ Նոր առցանց հանրագիտարանի անվանումը պարունակում է Մասկի xAI ընկերության կողմից մշակված Grok արհեստական բանականության անվանումը։
2025 թվականի սեպտեմբերին X-ի ձեռնարկատերը հայտարարել է, որ Grokipedia-ն Վիքիպեդիայի ավելի կատարելագործված տարբերակն է, իսկ հոկտեմբերին, հայտարարելով իր առցանց հանրագիտարանի թողարկման մասին, նա ընդգծել է քարոզչությունը վերացնելու ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը։
Մասկը նախկինում կոչ էր արել դադարեցնել Վիքիպեդիա առցանց հանրագիտարանին ֆինանսական նվիրատվությունները՝ դրա խմբագրական քաղաքականության պատճառով։














