Հրավիրում եմ հրապարակային բանավեճի բոլոր նրանց, ովքեր այս գործին լավ են տիրապետում, թող գան, ու կտեսնեք, որ այստեղ, բացի ապօրինությունից, ուրիշ ոչինչ գոյություն չունի․ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ
Շատ է խոսվում ուղիղ եթերներում բանավճեր կազմակերպելու մասին։ Հրավիրում եմ ուղիղ եթերում հրապարակային բանավեճի Վճռաբեկ դատարանի այս ակտը կայացրած բոլոր դատավորներին, թող գան և փորձեն հիմնավորել, որ կայացրել են օրենքից, Սահմանադրությունից և հենց այդ գործից բխող անաչառ և օբյեկտիվ դատական ակտ։ Այս մասին գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։
«Հրավիրում եմ հրապարակային բանավեճի Սամվել Կարապետյանին առաջադրած մեղադրանքի վերաբերյալ, ով կուզի, թող ներկայանա, ով կկարողանա ավելի լավ մեր հարցերին պատասխանել, թող ներկայանա։ Ուղիղ եթերում ես պատրաստակամ եմ ցանկացած հարցադրման պատասխանել և նրանց տալ հարցադրումներ և վստահ եմ՝ մեր բնակչությունը, մեր ժողովուդը՝ թե ներսում, թե մեր երկրից դուրս ապրող մեր հայրենակիցները կտեսնեն, թե ինչ ակնհայտ ապօրինի մեղադրանք է առաջդրվել Սամվել Կարապետյանին։ Կուզի, թող հսկող դատախազը գա այդ բանավեճին, կուզի թող քննիչը գա, ով ամենալավն է տիրապետում այս գործին։ Թող գան ու կտեսնեք, որ այս գործում բացի ապօրինությունից, ուրիշ ոչինչ գոյություն չունի»,- նշել է նա։










