Tert.am-ը և Zentrix ընկերությունը Skill Event Marketing Company-ի հետ կնքեցին համագործակցության հուշագիր Career City Fest 2026-ի շրջանակներում (տեսանյութ, լուսանկարներ)

15:44 • 02.12.25

Tert.am-ը և Zentrix ընկերությունը Skill Event Marketing Company-ի հետ կնքեցին համագործակցության հուշագիր, որով ամրապնդեցին փոխադարձ համագործակցությունը:

«Tert.am-ի և Skill Event Marketing Company-ի հետ համագործակցությունը երկար պատմություն ունի, հինգերորդ անգամ ենք համագործակցում:  Tert.am-ը մշտապես նման միջոցառումների կողքին է, որոնք իսկապես օգուտ են բերում հայ հասարակությանը: Հուսով եմ՝ համագործակցությունը կշարունակվի, Skill Event Marketing Company-ը կունենա ավելի հետաքրքիր գաղափարներ, և մենք կլինենք նրանց կողքին»,-ասել է Tert.am-ի տնօրեն Արամ Անտինյանը։

Career City Fest-ը եզակի հարթակ է, որտեղ ամեն սերունդ իր փորձով ու նորարար հայացքով կերտում է ապագայի աշխատաշուկան։ Տարիների ընթացքում փառատոնին մասնակցել է  25,000 մարդ և 210 ընկերություն: Թվերը շարունակ աճում են, ինչը վկայում է, որ փառատոնը պահանջված և սպասված հարթակ է տարածաշրջանում, որը 2026 թվականի ապրիլի 17-ին և 18-ին, Մերիդիան էքսպո կենտրոնում կրկին կմիավորի հազարավոր մասնակիցների։

Տարածաշրջանի հեղինակավոր այս փառատոնը բացում է նոր հնարավորությունների դռներ և ստեղծում եզակի կապեր։

Zentrix ընկերության համահիմնադիր Ստեփան Արզումանյանն էլ ավելացնում է՝ հիմքում դրված է ՀՀ աշխատաշուկայի զարգացումը, դրա համար էլ ցանկանում են ներդրումն ունենալ նման մասշտաբային միջոցառմանը:

«Առաջին տարին մենք էլ չգիտեինք` ինչ ենք անում, ում համար, բայց առաջին տարում ունեցանք 7,000 մասնակից ու 50-ից ավելի ընկերություն, երկրորդին արդեն գիտեինք՝ ինչ ենք ուզում, իսկ երրորդին մրցանակներ ստացանք»,-նշում է Skill Event Marketing Company-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:

Career City Fest-ը նպատակ ունի ստեղծել հարթակ, որտեղ տարբեր սերունդների ներկայացուցիչները կիսվում են փորձով ու գիտելիքով, ձևավորում նոր կապեր և բացահայտում աշխատաշուկայի ներառական ու համագործակցային մոդելը: Կարիերայի քաղաքը, ինչպես ամեն քաղաք, ունի իր քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը։ 2023-ից իրականացվող փառատոնի հիմնադիր քաղաքապետը 2 տարի եղել է Արամ Փախչանյանը։ 2025-ին քաղաքի բանալին հանձնվեց նոր քաղաքապետին՝ Նազիկ Ավդալյանին։ Քաղաքապետը ձևավորում է փառատոնի տարվա ուղերձը, ամրապնդում սերունդների միջև երկխոսությունը և ներկայացնում փառատոնը հիմնական ծրագրերում՝ միավորելով ընկերություններին, փորձագետներին և մասնակիցներին ապագայի աշխատաշուկայի արժեքների շուրջ։ 

«Այսօր ֆեսթը պարզապես միջոցառում չէ, այլ ճանաչում ստացած հարթակ, որը ստացել է ոսկե մրցանակներ: Տարածաշրջանային խոշորագույն փառատոններից մեկի կարգավիճակը հաստատում է բրենդի ուժն ու ազդեցությունը»,-նշում է Skill Event Marketing Company-ի Ռազմավարական զարգացման և բրենդ մենեջեր Տաթևիկ Ղուկասյանը։

Ամեն տարի Career City Fest-ը դառնում է ավելի մեծ, ազդեցիկ ու սպասված՝ ապացուցելով, որ կարիերայի զարգացման ու համագործակցության այս հարթակը ոչ միայն միջոցառում է, այլև շարժում, որը հերթական անգամ կկայանա 2026 թվականի ապրիլի 17-ին և 18-ին՝ Մերիդիան էքսպո կենտրոնում: