Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին չտրվել սադրանքների․ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հայտարարություն են տարածել

13:38 • 10.12.25

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, որում, lurer.am-ի փոխանցմամբ, մասնավորապես ասվում է․

«Ցավով տեղեկացանք, որ առաջիկա Եպիսկոպոսաց ժողովը չհիմնավորված պատճառաբանությամբ հետաձգվել է Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի կողմից, որը հնարավորություն պետք է ստեղծեր բոլոր եպիսկոպոսներիս` բարձրագույն ատյանում կանոնական մեր տեսակետը արտահայտելու և փաստարկելու։ Ափսոսում ենք, որ մեր կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։

Ինչ վերաբերում է Մայր Աթոռի կողմից եպիսկոպոսներիս ուղղված անհիմն մեղադրանքներին, մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ մեր անմնացորդ ուխտը Սուրբ Էջմիածնի հանդեպ, հավատարմությունը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգին և կանոններին, ավանդություններին և մեր զինվորյալ միաբանությանը։

Կոչ ենք անում հոգևոր մեր եղբայրներին ՉՏՐՎԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻ, զերծ մնալ վիրավորական խոսույթից և չթիրախավորել եպիսկոպոսներիս նվիրական առաքելությունը՝ հարգանքով վերաբերվելով Եկեղեցու նվիրապետական կարգին:

Մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ենք մեր հիմնավոր և արդարացի դիրքորոշումը, որ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է հիմնարար լուծում տալ մեր պետության և Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին։

Հայցում ենք Ամենակալ Տիրոջ անսահման ողորմությունը և զորակցությունը հայրենի մեր երկրին, Սուրբ Էջմիածնին և մեր բարեպաշտ ժողովրդին»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով Գարեգին Բ-ի վարքագիծը: