Նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունն իրականություն է. համաժողով-մրցանակաբաշխությունն արժևորեց տեղական լավագույն ծրագրերն ու դրանց ղեկավարներին (տեսանյութ, լուսանկարներ)

18:01 • 22.12.25

Նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունն արդեն իրականություն է: Կայացավ նախագծերի կառավարման համաժողով և մրցանակաբաշխություն 2025-ը՝ PMI-ի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ: Ավելի քան 50 հայտից հստակ չափանիշներով ընտրված մրցանակակիրները չորս հիմնական անվանակարգում արժանացան բարձր գնահատականի:

«Ուզում եմ նշել, որ այս տարի շատ յուրահատուկ է մեզ համար, որովհետև մեզ հյուրընկալվել է Նախագծերի կառավարման ինստիտուտի նախագահը։ Սա մեծ պատիվ է և ապացուցում է, որ Հայաստանում նախագծերի կառավարիչների համայնքն այնքան արդեն հզոր է, որ մենք կարողացել ենք նման հրավեր կազմակերպել և նա ընդունել է մեր հրավերը»,-ասում է Նախագծերի կառավարման ինստիտուտի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Աստղիկ Սահակյանը: 
 

Նախագծերի կառավարման ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը տեսանելի է ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակում․ այդ գնահատականը հաստատվում է մրցանակաբաշխության պատվավոր հյուրերի կողմից:

«ԱՊՀ երկրների շարքում Հայաստանն առաջատար է լիցենզավորված նախագծերի կառավարիչների թվով, և կարևոր է ընդգծել, որ այդ թիվը տարեցտարի աճում է: Հայաստանը Global Project Management-ի կողմից իրականացվող բոլոր գործընթացներում մշտապես ստանում է բարձր գնահատական»,-ընդգծում է PMI գլոբալ նախագահ և գործադիր տնօրեն Պիեր լը Մանր:

Մրցանակաբաշխությունն ընդգրկում է տարբեր ոլորտներում իրականացված լավագույն նախագծերը՝ արժևորելով այն կազմակերպություններին, որոնք առավել նշանակալի ներդրում են ունեցել ոլորտի զարգացման գործում: 

Տարվա նախագծերի ղեկավար նոմինացիայում հաղթող ճանաչվեց «Դոպինգ» ընկերությունը, նորարարության նախագծերի ղեկավար անվանակարգում՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը, կայուն զարգացման նախագծերի ղեկավարի մրցանակը բաժին հասավ «Ինվայըրմենթ Գրուփ» ՍՊԸ-ին, իսկ սոցիալական ազդեցության նախագծերի ղեկավարի անվանակարգում՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կազմակերպությանը: Հանրային ոլորտում հատուկ մրցանակի արժանացավ ՀՀ Կառավարության և Համաշխարհային Բանկի համատեղ նախագիծը:

Իսկ համաժողովի ընթացքում քննարկվեց Հայաստանի պետական նախագծերի կառավարման մարտահրավերներն ու հնարավորությունները: Թեմային անդրադարձան կառավարության անդամները՝ օրվա հատուկ հյուրի՝ Պիեր Լը Մանի մասնակցությամբ պանելային քննարկմանը: Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, արդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարիի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հյուրին ներկայացրին նախագծերի կառավարման իրենց փորձը:

Ըստ քննարկման մասնակիցների, նշված ոլորտներում արդեն իրականացված և հնարավոր բարեփոխումները նախագծերի՝ ավելի արագ ընթացքի և թափանցիկության բարձրացման արդյունք են: Նրանց խոսքով պետական ու մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի հաջողությունները կարևոր են նախագծերի կառավարման մշակույթի զարգացման ու շարունակական խթանման համար:

AMS-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Գրեյս Նաջարն ասում է, որ միջոցառումը հաջողված է, նշանակում է, որ նախագծերի կառավարման կարևորությունը գիտակցվում է հայ հասարակության կողմից:

Մրցանակաբաշխության կայացման գործում կարևոր դեր ունեն նաև գործընկեր կազմակերպությունները։ Նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձության բովանդակային գործընկեր Newmag հրատարակչությունը նույնպես արժանացավ մրցանակի «Նյումեգ գրքի փառատոն» նախագծի համար, իսկ գլխավոր հովանավոր ԷվոկաԲանկը, որն արդեն երկրորդ տարին նախաձեռնության կողքին է, նոմինացրեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին և «Իննոբիզ» ՀԿ-ին՝ «Բյուր» հարթակի համար:

«Մենք PMI Armenia-ի հետ իրականացրել ենք բազմաթիվ նախագծեր և այս տարի ևս մենք Project Management Awards-ի կողքին ենք, քանի որ բարձր ենք գնահատում այդ հաստատության կատարած աշխատանքներն ու դրա ստեղծած արժեքը»,- նշում է ԷվոկաԲանկի վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

Մրցանակաբաշխության ներկաների շարքում էր նաև Կենտրոնական Բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ով իր ելույթում ընդգծեց Կենտրոնական բանկի ռազմավարական նախագծերի իրականացման ընթացքում նախագծերի կառավարման միջազգային լավագույն փորձի կիրառումը, իսկ «Մատենա»  առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի տնօրեն Ռուբեն Հայրապետյանն իր խոսքում անդրադարձավ կառավարման մեթոդների կարևորությանը՝ նշելով դրանց օգտակարությունը սոցիալական նախագծերի կառավարման գործում:

Մրցանակաբաշխությունն ու համաժողովը ևս մեկ անգամ հաստատում են՝ Հայաստանում նախագծերի կառավարման ոլորտը արագ է զարգանում, ձևավորվում է ակտիվ մասնագիտական համայնք, որը ստեղծում է նորարարական և կայուն լուծումներ տարբեր ոլորտներում։ Առաջատար ծրագրերն ու դրանց ղեկավարները ոչ միայն արժանանում են բարձր գնահատականի, այլև ստանում միջազգային ճանաչում, ընդգծելով նախագծերի կառավարման կարևորությունը երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործում։