«ռեԱրմենիա» նորաստեղծ ակադեմիան ներգրավել է 10 մլն դոլար ընդհանուր գնահատմամբ ներդրում և սկսում է AI կրթության ու տեխնոլոգիաների արտահանումը (տեսանյութ, լուսանկարներ)
Մեկ հարկի տակ միավորելով ավելի քան 300 մասնակից Հայաստանի կրթական, տեխնոլոգիական և բիզնես ոլորտներից՝ կայացավ «ռեԱրմենիա» ակադեմիայի առաջին համայնքային միջոցառումը: AI կրթության ու տրանսֆորմացիայի ոլորտում գործող «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարեց ներդրումային առաջին շրջափուլի հաջող ավարտի մասին։
Ընկերությունը 670,000 դոլար է ներգրավել տեղական ու միջազգային մեկ տասնյակից ավելի ներդրողներից՝ ընկերության 10 միլիոն դոլար ընդհանուր գնահատմամբ։ Սա աննախադեպ ցուցանիշ է 2025 թվականին նոյեմբերին Հայաստանում հիմնադրված և գաղափարի փուլում գտնվող ստարտափի համար: Ներդրումային փուլի ավարտից հետո ստարտափի հիմնական բաժնետերը շարունակում է մնալ «ռեԱրմենիա» բարեգործական հիմնադրամը։
«Մենք ստեղծում ենք տեխնոլոգիա, որպեսզի անհատները AI-ի միջոցով շատ արագ կարողանան ձեռք բերել տարբեր հմտություններ, միևնույն ժամանակ օգնել կազմակերպություններին, որ իրենք ավտոմատացումներից մինչև իրենց թիմակիցների AI տրանսֆորմացիա ողջ ուղին կարողանան ապահովել»,-ասում է «ռեԱրմենիա» ակադեմիայի գործադիր տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:
2025 թվականի ընթացքում ակադեմիան AI կրթություն է տրամադրել ավելի քան 9,000 անձանց՝ Հայաստանից և Սփյուռքից: Այն գործում է 3 հիմնական ուղղություններով՝ AI գրագիտության և մասնագիտական հմտությունների ծրագրեր, AI ագենտների կիրառմամբ կրթության հարթակներ, ինչպես նաև AI տրանսֆորմացիայի խորհրդատվություն և AI ավտոմատացումներ կազմակերպությունների համար։
Առաջին ներդրումային շրջափուլի ավարտին զուգահեռ «ռեԱրմենիա» ակադեմիան հայտարարում է միջազգային շուկա դուրս գալու մասին՝ Հնդկաստանում մեկնարկելով ռազմավարական համագործակցություն։
«Մենք Հայաստանում ասում ենք հինգ տարում մինիմում մեկ միլիոն հայ պետք է դառնա AI գրագետ, նույն ձևով ասում ենք Հնդկաստանում AI-ը միլիարդի համար: Մեկ միլիարդ հնդիկ կրթելու պրոցես են սկսել ու մենք հիմա իրենց հետ շատ ակտիվ համագործակցում ենք»,-նշում է «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Այս նախագծի շրջանակում 2026 թվականի փետրվարին առաջին անգամ Հնդկաստանի ամենահեղինակավոր կրթական հաստատություններից մեկում՝ BVB-ում կգործարկվի «Արհեստական բանականություն և AI4Bharat» նոր ծրագիրը՝ հինդիով և անգլերենով, որը կառուցված է «ռեԱրմենիա» ակադեմիայի մշակած կրթական բովանդակության հիման վրա։
«ռեԱրմենիայի» հետ այս գաղափարի շուրջ համագործակցում է նաև ԱմերիաԲանկը, ասում են՝ բանկը սիրում է ցանկացած նորարարություն և փորձառություն, փորձում եմ ամեն նորն առաջինը իրենք փորձարկել, կիսվել այդ փորձով:
Ակադեմիայում արդեն հասցրել է ԱմերիաԲանկի ավելի քան 300 աշխատակից վերապատրաստվել:
«Քանի որ ցանկացած տեխնոլոգիական նորարարություն սկսվում է վախերից, մարդիկ պետք է հաղթահարեն այդ վախերը, կարողանան անմիջական կապ ստեղծել AI-ի հետ, դրանից հետո ամեն ինչ ինֆրաստրուկտուրաների մասին է, պետք է համակարգ ստեղծել, որ AI-ի օգտագործումը լինի ապահով»,-ընդգծում է Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը:
Այսպիսով, «ռեԱրմենիա» ակադեմիան 2026-ը սկսում է համակարգված և նպատակային գործունեությամբ՝ ընդլայնելով AI կրթական ծրագրերը, զարգացնելով միջազգային գործընկերությունները և նպաստելով Հայաստանի դիրքի ամրապնդմանը՝ համաշխարհային AI կրթության համակարգում։



















