Անշարժ գույքի շուկայի շուրջ 100 առաջատար ընկերություն՝ հատուկ առաջարկներով. մեկնարկեց TOON EXPO 2026-ը (տեսանյութ, լուսանկարներ)

12:34 • 28.03.26

Ամենասպասված առաջարկներն ու վստահելի կառուցապատողները կրկին մեկ հարկի տակ են: «Մերիդիան» ցուցահանդեսային սրահում, արդեն վեցերորդ անգամ, իր դռները բացեց TOON EXPO-ն, որն անշարժ գույքի շուկայի ամենասպասված իրադարձությունն է: 

«TOON EXPO-ի ֆորմատը, որը մեր քաղաքացիների համար հատուկ պայմաններով բնակարան ձեռք բերելու տրամաբանության վրա է հիմնված, անփոփոխ է: Այս տարի ևս մեր քաղաքացիները կարողանալու են կատարել իրենց բնակարանի ձեռքբերումը կամ գուցե իրենց արդեն երկրորդ, երրորդ գույքի ձեռքբերումը, ներդրումային գույքի ձեռքբերումը՝ էական զեղչով ու խնայողությամբ»,-նշեց Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը:

Մինչև ցուցահանդեսի մեկնարկը գրանցումների հայտերը գերազանցել են 23,000-ը, ընդ որում՝ աշխարհի 27 երկրից, իսկ անշարժ և ներդրումային գույքի առաջարկների ներկայացվածությամբ, բացի ՀՀ-ն, կան ևս այլ 11 երկրներ: Big Projects ընկերության համահիմնադիրը հետաքրքրական է համարում աշխարհագրության ընդլայնումն ու երկրների նման մասնակցությունը:

«Այսօր դուք կտեսնեք նաև 50-ից ավել նախագիծ, որոնք միջազգային շուկային են պատկանում և իհարկե 100-ից 150 նախագիծ, որոնք Երևանում և Հայաստանի մարզերում են կառուցվում և շուտով հանձնվելու են»,-ասաց Հարոյանը: 

Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ևս կարևորեց միջոցառման իրականացումը՝ շեշտադրելով նախաձեռնության հաջողված լինելը:

TOON EXPO-ի գլխավոր հովանավորն ավանդաբար ML Mining ընկերությունն է, որն այսօր նաև ներկայացված է իր լավագույն առաջարկներով: Վստահ են՝ գործընկերությունը շարունակական է լինելու:

«TOON EXPO-ն հասցրել է դառնալ մեր քաղաքացիների սիրելի տոներից մեկը, ես դա տոն եմ համարում, ներեցեք, դա ցուցահանդեսի օրեր չի, հաշվի առնելով նաև տունը ինչքան էմոցիոնալ երևույթ է մեր հայ ազգի համար և սիրով կրում ենք այդ պատվավոր տիտղոսը»,-ընդգծեց ML Mining-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը:

Անշարժ գույքի մեծամասշտաբ այս իրադարձությունն իրականացվել է 7 անգամ, որոնցից մեկը՝ Մոսկվայում: RED Invest Group-ի համահիմնադիր, տնօրեն Արսեն Ավետիսյանն ասում է՝ նախաձեռնության առաջին իսկ պահից Big Projects-ի կողքին է եղել RED Invest Group-ը, որպես հիմնական հովանավոր:

  

TOON EXPO-ում ներկայացվածություն ունի նաև IDBank-ը: Նշում են՝ ամեն տարի ոգևորությամբ են սպասում միջոցառմանը, քանի որ այն գնորդներին շահավետ առաջարկներ ներկայացնելու հիանալի հնարավորություն է:

«Էքսպոյի երեք օրերին այն հաճախորդները, որոնք տաղավարում կներկայացնեն բնակարանի ձեռքբերման կամ վերանորոգման համար հայտեր, բանկի կողմից հաստատված վարկի չափով կստանան 1% այդիքոյին՝ որպես քեշբեք»,-ասաց IDBank-ի Վաճառքների կազմակերպման բաժնի ղեկավար Նարեկ Ֆահրադյանը:

Նման նախաձեռնությունների շնորհիվ տուն ունենալու ճանապարհը շահավետ է դառնում, փաստում են ներկայացվածություն ունեցող ընկերություններն ու ներկայացնում ինչպես տեղական, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս առաջարկվող տարբերակները:

«Մենք այսօր ներկայացված ենք Կոմիտաս շուկայի նախագծով, որը կառուցվում է Կոմիտաս շուկայի հետնամասում: Շենքը լինելու է 25 հարկ, որից առաջին վեց հարկը՝ կոմերցիոն: Այսօր այդ նախագծի հետ կապված առաջարկում ենք 3% վաուչեր»,-նշեց GTB Holdings-ի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանը:

Իսկ 8HAUS-ի հիմնադիր Գրետա Գասպարյանն ասաց՝

«TOON EXPO-ի շրջանակում ունենք հատուկ առաջարկներ, զեղչեր՝ 2-4%։ Նաև նշեմ, որ այն անձիք, որոնք ներդրում կկատարեն, գույք կգնեն այս երեք օրերի ընթացքում, կստանան ուղևորություն դեպի Դուբայ»:

Երևանի քաղաքապետարանն էլ ներկայացնում է իր ծրագրերը, որոնք նախանշում են քաղաքի զարգացման ուղղությունները: Դրանք, ըստ ծրագրի համակարգողի, հնարավորություն կտան ներդրողներին ավելի հստակ կողմնորոշվել քաղաքաշինական բավականին բարդ իրավիճակում։

Այսպիսով, մարտի 27-ին, 28-ին և 29-ին, «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում կարող եք ձեռք բերել ձեր անշարժ գույքը՝ ամենախելահեղ և շահավետ առաջարկներով: