ԿԺԴՀ-ն hրթիռների փորձնական արձակում է իրականացրել

10:35 • 14.04.26

ԿԺԴՀ-ն ապրիլի 12-ին իրականացրել է «Չվե Հյոն» ականակիր նավի սպառազինության համակարգի փորձարկումներ՝ արձակելով ռազմավարական թևավոր և հականավային հրթիռներ։ Երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևել է փորձարկումներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ապրիլի 12-ին իրականացվել է ռազմավարական թևավոր և հականավային հրթիռների հերթական փորձնական արձակումը՝ Կորեայի ժողովրդական բանակի ռազմածովային ուժերի «Չվե Հյոն» ականակիր նավի օպերատիվ գործողությունը գնահատելու փորձարկման համակարգի շրջանակներում։ Ընկեր Կիմ Չեն Ընը պաշտպանական ոլորտի ղեկավար կադրերի և ռազմածովային ուժերի հրամանատարական կազմի հետ միասին հետևել է փորձնական արձակմանը»,- հաղորդում է գործակալությունը:

Ինչպես նշվում է, փորձարկումներն ուղղված էին նավի սպառազինության հրամանատարման ինտեգրման համակարգի արձակման կառավարման ծրագրի ստուգմանը, նավաստիների կրակային ծառայության հմտությունների կատարելագործմանը և խափանումներից պաշտպանության նավիգացիոն արդիականացված համակարգի ճշգրտության ու դիպուկության հաստատմանը:

Ըստ ԿՀԳ-ի՝ իրականացվել է երկու ռազմավարական թևավոր և երեք հականավային հրթիռների փորձնական արձակում:

Համաձայն նյութի՝ հրթիռները գերճշգրիտ կերպով խոցել են թիրախները՝ թռչելով Դեղին ծովի վրա սահմանված հետագծով: Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ միջուկային պատերազմի զսպման հզոր և հուսալի ուժերի շարունակական կառուցումն ու ամրապնդումը ԿԺԴՀ իշխող կուսակցության անփոփոխ գիծն է՝ ուղղված պետական պաշտպանությանը, և կարևորագույն առաջնահերթ խնդիրը։