Բլոգերները միշտ գալիս են այն պահին, որ ասում են՝ վա՜յ, բոլոր ծառերը կտրել են, եկեք նախապես հրավիրենք. Տիգրան Ավինյան
Բլոգերները միշտ գալիս են այն պահին, որ ասում են՝ վա՜յ, բոլոր ծառերը կտրել են, եկեք նախապես հրավիրենք: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման պրոցեսում՝ լսումների պրոցեսում, մեր բոլոր ակտիվ քաղաքացիներին, բլոգերներին ու քննադատներին եկեք մինչև ծառերի փոխարինումը իրականացնելը հրավիրենք, որպեսզի փաստացի և ռեզիստոգրաֆով, և տեղատեսությամբ այն ծառերը, որոնք պետք է փոխարինվեն, մարդիկ ներկա լինեն ու տեսնեն հիմնավորումները:
Միշտ այնպես է ստացվում, որ իրենք գալիս են այն պահին, երբ որ ասում են՝ վայ, բոլոր ծառերը կտրվեցին, մի հատ եկեք սկզբում նայեք, միգուցե կարող է դուք էլ եք համաձայնում»,- նշել է Ավինյանը:
Անդրադառնալով հրավերին՝ Ավինյանը շեշտեց, որ ծառերի փոխարինելու պրոցեսի իրականացնելուց առաջ առանձին հրավեր կլինի, և թե բլոգերները, թե լայն հանրությունը հնարավորություն կունենան գնալ և ներկա գտնվել ռեզիստոգրաֆի աշխատանքին։ Այնուհետև հորդորեց մաքսիմալ թափանցիկ կազմակերպել այդ աշխատանքը, որպեսզի մանիպուլյացիայի և որևէ տեսակի անհասկացվածության տեղ չթողնեն։














