Ստվերի կրճատո՞ւմ, անվտանգությո՞ւն․ IMEI համակարգի ներդրման ակնկալիքները կան, հիմնավորումները՝ ոչ. FIP
ՀՀ կառավարությունը ցանկանում է ներդնել բջջային հեռախոսների IMEI կոդերի պետական գրանցման համակարգ՝ այն հիմնավորելով ստվերի կրճատմամբ, անվտանգության և կիբեռանվտանգության բարձրացմամբ։ Սակայն FIP.am-ի հարցումներին ի պատասխան՝ նախագծի հեղինակ կամ դրա մշակման գործում ներգրավված պետական մարմինները չեն ներկայացրել վիճակագրական տվյալներ կամ ուսումնասիրություններ, որոնք ցույց կտան, թե Հայաստանում առկա խնդիրները որքանով են պայմանավորված հենց IMEI համակարգի բացակայությամբ։ Այս մասին գրում է FIP-ը:
Այսպես, ՀՀ կառավարությունը 2026 թվականի հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել բջջային հեռախոսների IMEI* (International Mobile Equipment Identity) կոդերի պարտադիր պետական գրանցման և վերահսկողության միասնական համակարգ ներդնելու որոշման նախագծին։
*IMEI-ն բջջային սարքի 15 նիշանոց եզակի նույնականացման համարն է, որի առաջին հատվածը ցույց է տալիս սարքի արտադրողին և մոդելը, իսկ մնացած նիշերը՝ կոնկրետ սարքը։
Համակարգի նպատակն է սահմանափակել գողացված, կեղծ կամ ապօրինի ներմուծված սարքերի օգտագործումը։ Ցանցին միանալիս օպերատորը ստուգում է սարքի IMEI-ն՝ դրա վավերականությունն ու կարգավիճակը։ Վերահսկմանը ներգրավված են սարք արտադրողները, բջջային օպերատորները և պետական կարգավորող մարմինները։ Որոշ երկրներում ստեղծվում են ազգային IMEI բազաներ, որոնց հասանելիություն կարող են ունենալ նաև մաքսային և իրավապահ կառույցները։
IMEI-ն ինքնին անձնական տվյալ չէ, սակայն այն կարող է կապվել SIM քարտի, բաժանորդային տվյալների և սարքի օգտագործման պատմության հետ։ Այդ պատճառով կարևոր են տվյալների պաշտպանության հստակ կանոնները և հասանելիության սահմանափակումները։ Միևնույն ժամանակ, միայն IMEI համարը չի կարող տեղորոշել մարդուն, այն պարզապես նույնականացնում է սարքը։ Տեղորոշման հնարավորությունը կապված է բջջային ցանցի տվյալների՝ բազային կայանների, SIM քարտի և ցանցային միացումների հետ, որոնց հետ IMEI-ն կարող է կապվել։
Համակարգեր գործում են Թուրքիայում, Ադրբեջանում, Հնդկաստանում, Պակիստանում, Ինդոնեզիայում, Եգիպտոսում, Իրանում, Թաիլանդում և Քենիայում։
Կառավարությունը պնդում է, որ համակարգը կօգնի պայքարել չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով սարքերի շրջանառության, ինչպես նաև գողացված հեռախոսների օգտագործման դեմ։ Միևնույն ժամանակ, համակարգի ներդրման շուրջ առաջացել են նաև մի շարք հարցեր ու մտահոգություններ՝ կապված տվյալների պաշտպանության, վերահսկողության ծավալների, հնարավոր սխալ արգելափակումների և այլն։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է գործադիր մարմնի կողմից հավանության արժանացած նախագիծն ու դրա հիմնավորումները, ինչպես նաև նախագծի հեղինակներից փորձել է պարզեր, թե ինչ հստակ վիճակագրություն և ուսումնասիրություններ են անցկացվել՝ համակարգի ներդրման անհրաժեշտության գնահատման նպատակով։
Հիմնավորումներ՝ առանց թվերի
Այսպես, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համագործակցությամբ մշակված որոշման նախագծի հիմնավորման մեջ առանձնացվում է երկու գործոն՝ բջջային սարքերի ոլորտում առկա ստվերային տնտեսությունը և թվային անվտանգությունը։
Նախ նշվում է, որ Հայաստանում IMEI կոդերի վերահսկողության բացակայությունը նպաստում է չմաքսազերծված, կեղծ կամ փոփոխված IMEI կոդերով բջջային հեռախոսների շրջանառությանը, ինչը հանգեցնում է հարկային կորուստների, շուկայի մրցակցության խաթարման և տեխնիկական ու անվտանգության ռիսկերի աճի։
Նշվում է, որ նախագծի ընդունումը ի թիվս այլնի, կնպաստի՝ ստվերային տնտեսության կրճատմանը, բջջային սարքերի շուկայի կարգավորմանն ու սպառողների պաշտպանությանը, մասնավորապես՝ հեռախոսների գողության և խարդախության հանցագործությունների կանխմանը, Հանրապետությունում անվտանգային ռիսկերի նվազեցմանը և կիբեռանվտանգության մակարդակի բարձրացմանը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում:










