Բացօթյա ընթերցասրահ՝ Երևանի կենտրոնում. Կայացավ «Զանգակ»-ի ընթերցանության մարաթոնը (լուսանկարներ)

17:44 • 20.07.26

Բացօթյա ընթերցասրահ՝ Երևանի կենտրոնում. «Զանգակ» գրադարանների ցանցը, իր 14-ամյակի առթիվ նախաձեռնել էր ընթերցանության մարաթոն, որը Կարապի լճի տարածքում միավորել էր հարյուրավոր գրքասերների:

Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի աջակցությամբ կազմակերպված միջոցառման նպատակը երիտասարդների շրջանում ընթերցանության մշակույթի խթանումն էր, ինչպես նաև այն գաղափարի տարածումը, որ ժամանակակից թվային միջավայրում հնարավոր է մի քանի ժամով հեռախոսը մի կողմ դնել և ամբողջությամբ տրվել գրականությանը։

«Նման մարաթոն Հայաստանում և տարածաշրջանում առաջին անգամ է կազմակերպվում։ Ոգեշնչվել ենք միջազգային փորձից, օրինակ՝ Փարիզում պարբերաբար անցկացվում է բացօթյա ընթերցանություն, երբ մարդիկ հավաքվում են հրապարակներում և միասին գիրք կարդում։ Այդ գաղափարը փորձեցինք կյանքի կոչել նաև Երևանում՝ համադրելով այն «Զանգակ»-ի 14-ամյակի հետ։ Ցանկանում ենք այս նախաձեռնությունը դարձնել ամենամյա ավանդույթ և տարեցտարի ավելացնել մասնակիցների թիվը»,-ասում է «Զանգակ» գրադարանների ցանցի մշակութային ծրագրերի ղեկավար Աստղիկ Օհանյանը:

Մարաթոնին որպես աջակից միացել է նաև Ամերիաբանկը:

«Այս նախաձեռնությանը միանալը մեզ համար ևս մեկ հնարավորություն է լինելու երիտասարդների կողքին այն փուլում, երբ ձևավորվում են նրանց արժեքները, հետաքրքրությունները և ապագա ընտրությունները։ Լիահույս ենք, որ այն երիտասարդները, ովքեր այսօր կարդում են, վաղը կլինեն ավելի ինքնուրույն, ավելի տեղեկացված և ավելի վստահ որոշումներ կայացնող մասնագետներ»,-նշում է Ամերիաբանկում ուսանողների համար մշակվող պրոդուկտի պատասխանատու Անուշ Սարիբեկյանն ու հավելում, որ ուսանողները մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են:

«Մենք ակտիվորեն աշխատում ենք ուսանողների համար հատուկ առաջարկի վրա՝ ուսումնասիրելով նրանց կարիքները, առօրյան և սպասումները, որպեսզի ստեղծենք լուծում, որն իսկապես օգտակար կլինի նրանց կյանքի այս կարևոր փուլում։ Մեզ համար կարևոր է ոչ միայն առաջարկել ֆինանսական ծառայություններ, այլ ստեղծել միջավայր, որտեղ երիտասարդները կգտնեն իրենց զարգացմանը նպաստող հնարավորություններ, համայնք և արժեքավոր փորձառություններ»,-ասում է նա։ 

Մասնակիցների մեծ մասը մարաթոնին եկել էր սեփական գրքերով, իսկ նրանք, ովքեր չէին բերել իրենց նախընտրելի գիրքը, հնարավորություն ունեին ընտրելու և վերցնելու գիրք՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի գրապահարանից։ Միջոցառման ընթացքում Ամերիաբանկը, բոլոր գրանցված ընթերցողներին տրամադրում էր էջանշաններ՝ օգնելով պահպանել ընթերցանության օրվա հիշողությունը։

«Երիտասարդները հիմնականում կարդում են գեղարվեստական գրականություն։ Քայլելիս նկատեցի, որ բավական հաճախ հանդիպում են դետեկտիվ և ֆենթզի ժանրերի գրքեր։ Իհարկե, այն գրքերը, որոնք տվյալ շրջանում մեծ պահանջարկ ունեն, հաճախ կրկնվում են մասնակիցների ընտրության մեջ։ Մենք նաև խորհուրդ էինք տվել ընտրել համեմատաբար կարճ գրքեր, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են մարաթոնի ընթացքում ավարտել ամբողջ ստեղծագործությունը, կարողանան հասցնել կարդալ գիրքը սկզբից մինչև վերջ»,-մանրամասնում է Աստղիկ Օհանյանը: 

Որտեղի՞ց են իմացել մասնակիցները մարաթոնի մասին և ի՞նչ գրքեր են կարդում. հարցերի պատասխանները Tert.am-ը փորձել է ստանալ ընթերցասեր քաղաքացիներից:

«Մարաթոնի մասին իմացել եմ «Զանգակ»-ի ինստագրամյան էջից: Այժմ կարդում եմ Colleen Hoover-ի «It Starts with Us»-ը։ Այն «It Ends with Us»-ի երկրորդ մասն է։ Ընդհանուր առմամբ շատ ուրախ եմ, որ Հայաստանում այսպիսի բան է կազմակերպվել, շատ կուզեի լինեին նաև քննարկումներ, բոլորս նույն ստեղծագործությունը կարդայինք և քննարկեինք»,-ասում է մասնակից Շուշան Ավետիսյանը:

Մարգարիտա Ատյանն էլ նշում է՝ սոցցանցերից է իմացել միջոցառման մասին, կարդում է Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գիրքը, որը նվեր է ստացել Գրքի տոնի առթիվ։ 

«Մոտ 20 րոպե է, ինչ եկել եմ, բայց արդեն կարող եմ ասել, որ շատ հաճելի և հանգիստ միջավայր է»,-հավելում է նա։ 

«Շատ եմ կարևորում նման միջոցառումները, տեսել եմ, որ Եվրոպայում նման նախաձեռնությունները բավական տարածված են։ Կարծում եմ՝ նման միջոցառումները ոչ միայն հաճելի միջավայր են ստեղծում, այլև հնարավորություն են տալիս նոր ծանոթություններ ձեռք բերելու, գրքեր փոխանակելու, համախոհ մարդկանց հետ շփվելու, բացի այդ, նման հավաքներն ունեն իրենց առանձնահատուկ կոլորիտը»,-նշում է ընթերցասեր Մարիամ Մանուկյանը։

Նա ասում է, որ նախկինում տարեկան մինչև 100 գիրք էր հասցնում կարդալ, հիմա, պայմանավորված աշխատանքի բնույթով, միջինում 30-50 գիրք: Հարցին՝ որպես երիտասարդ ընթերցող, ի՞նչ խորհուրդ կտա կարդալ իր հասակակիցներին և ոչ միայն, պատասխանում է.

«Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը»։ Իմ սիրելի գրողների ստեղծագործություններից կարող եմ նշել՝ Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները», Ալբեր Կամյուի «Օտարը» և «Անկումը», ռուսական դասական գրականությունից՝ Գոգոլի պատմվածքները, Չեխովի պատմվածքները։ Կարելի է կարդալ Դոստոևսկու վեպերը՝ սկսելով, օրինակ, «Ապուշ»-ից։ Հայ ժամանակակից գրողներից, այս պահին կարդում եմ Ջեսահի գիրքը։ Կարող եմ նշել Աշոտ Ստեփանյանին, Հովհաննես Երանյանին, Հովիկ Աֆյանին, Գրիգի «Հիսուսի կատու» ստեղծագործությունն եմ շատ սիրել»,-իր սիրելի գրքերի ցանկով է կիսվում Մարիամ Մանուկյանը։

Երեք ժամ շարունակ տարբեր տարիքի ընթերցողներ միավորվեցին մեկ գաղափարի շուրջ՝ բացահայտել նոր գրքեր, կիսվել ընթերցանության փորձով և ցույց տալ, որ թվային դարաշրջանում գիրքը շարունակում է մնալ ինքնազարգացման, գիտելիքի և կապ ստեղծելու կարևոր միջոց։

 

Բացօթյա ընթերցասրահ՝ Երևանի կենտրոնում. Կայացավ «Զանգակ»-ի ընթերցանության մարաթոնը (լուսանկարներ)