Տեսական խորհուրդներից դեպի գործնական քայլեր․ Երևանում կայացավ Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի առաջին հանդիպումը (լուսանկարներ)

20:46 • 21.07.26

Ճիշտ սնվել, շատ շարժվել, լավ քնել, չնյարդայնանալ, նվազեցնել վատ սովորությունների ռիսկերը․ ապրելակերպի այս կանոնները բոլորն անգիր գիտեն, բայց կիրառում են քչերը ու ոչ թե բոլորն առողջ ապրել չեն ուզում, այլ պարզապես չգիտեն՝ ինչպե՞ս և որտեղի՞ց սկսել, որ այդ կանոնները ոչ թե ժամանակավոր տանջանք, այլ իրական առօրյա դառնան։ 

Այս հարցի շուրջ տարիներով նաև գիտնականներն են աշխատել ու հիմք դրել Ապրելակերպի բժշկությանը։ Սա ժշկական գիտության մի ամբողջ ուղղություն է, որի նպատակն է՝ այդ «անգիր արած» կանոնները դարձնել իրագործելի ու կիրառելի յուրաքանչյուրիս համար։ 

Մի քանի ընկերներ, ովքեր աշխատում են առողջապահության այս կարևոր բժշկական ուղղությունը նաև Հայաստան բերեցին։ Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի անդրանիկ միջոցառմանը ներկա էին տարբեր ոլորտների առաջատար բժիշկներ ու մասնագետներ։  

«Մեր պրակտիկայում հաճախ ենք հանդիպում պացիենտների, որոնց հարակից հիվանդությունների պատճառով վիրահատարանում կորցնելու ռիսկն ավելի մեծ է, քան հենց քաղցկեղից: Այդպիսի մի դեպք պատմեմ. պայմանական անվանենք նրան տիկին Լյուսի: 78 տարեկան, շատ ոճային, խնամված ու թանկարժեք օծանելիքի բույրով մի կին, ով, սակայն, ուներ ավելորդ քաշ, ծխում էր, ուներ սրտի 3 ստենտ, 2-րդ տիպի շաքարային դիաբետ՝ երիկամային անբավարարությամբ, և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն: Այս ամենին գումարվել էր նաև 1-ին ստադիայի կրծքագեղձի ուռուցքը: Բուժման ստանդարտ սխեման վիրահատությունն էր, բայց նրա դեպքում ագրեսիվ միջամտությունը կյանքի համար վտանգավոր էր: Կոնսիլիումով որոշեցինք գնալ այլ ճանապարհով. նշանակվեց ընդամենը մեկ հաբ, և սրտաբանների ու կրծքային վիրաբույժների հետ միասին սկսեցինք լուրջ աշխատել նրա ապրելակերպի վրա», - պատմում է Ապրելակերպի բժշկության ասոցիացիայի Նախագահ, Աստղիկ ԲԿ-ի Կրծքագեղձի և վիրաբուժական ուռուցքաբանության ծառայության ղեկավար Գևորգ Ասլիբեկյանը։

Արդյունքն ապշեցրել էր. 6 ամիս անց ուռուցքը փոքրացել էր, տիկին Լյուսին սկսել է քայլել, նիհարել, շաքարի թվերը կարգավորվել են, և ռիսկերը նվազել են: Այսինքն, սովորական վիրաբուժությունը փոխարինվեց համակարգված մոտեցմամբ և հենց այս դեպքը պատճառ դարձավ, որ Գևորգ Ասլիբեկյանը ընկերոջ՝ մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ որոշեցին Հայաստանում հիմք դնել ապրելակերպի բժշկությանը։

«Շատերը շփոթում են. ապրելակերպի բժշկությունը (Lifestyle Medicine) ոչ թե պարզապես առողջ մարդու առողջության պահպանումն է, այլ հիվանդ մարդուն բուժելու գաղափարը՝ դեղորայքին ու վիրահատություններին զուգահեռ ներդնելով լրացուցիչ ապացուցահեն կոմպոնենտներ՝ քուն, սնունդ, ֆիզիկական ակտիվություն։ Սա դեղերին փոխարինող չէ, այլ լրացնող։ Երբ սկսում ենք խորանալ գրականության մեջ, հասկանում ենք, որ անգամ մեզ՝ բժիշկներիս մոտ, այս ամենի մասին գիտելիքները հաճախ «տիկտոկյան»՝ էմոցիոնալ մակարդակի վրա են, և մենք շատ քիչ ապացուցահեն ինֆորմացիա ունենք։ Մեր ասոցիացիայի գլխավոր թիրախը հենց բժիշկներն են։ Մենք սովոր ենք պացիենտին ուղղակի ասել՝ «պետք է թարգես ծխելը» կամ «պետք է շատ քայլես»։ Բայց եթե միայն ասելով լիներ, հիմա բոլորը, այդ թվում՝ բժիշկները, նիհար, սլացիկ ու առողջ կլինեին։ Կարևորը ոչ թե ասելն է, այլ պացիենտին գործիքակազմ տալը՝ ինչպե՞ս դա անել», - ասում է ասոցիացիայի համահիմնադիր, մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը։

Առաջին քայլով ասոցիացիան փորձում է բժիշկների շրջանում հետաքրքրություն ու հավատ առաջացնել այս գաղափարի հանդեպ։ Ըստ հիմնադիրների, կանխարգելման հարցում ամենապասիվը հենց բժիշկներն են և հենց այստեղից պետք է սկսել փոփոխության ճանապարհը։

«Նման ասոցիացիայի ստեղծումն ինձ համար սպասված ու մեծ ուրախություն էր. սա վաղուց արված պիտի լիներ: Որպես պրակտիկ բժիշկներ՝ բոլորս էլ գիտենք, որ հիվանդությունների զգալի մասի հիմքում ոչ առողջ ապրելակերպն է, սնունդն ու վնասակար սովորույթները: Այսօր ոչ վարակիչ քրոնիկական հիվանդությունների տարածումը ժամանակակից բժշկության գլխավոր մարտահրավերն է: Մինչդեռ հասարակության մեջ առողջ ապրելակերպի մասին պատկերացումները հաճախ հակասական են, ոչ գիտական, երբեմն՝ նույնիսկ վնասակար: Ժամանակն է, որ այս թեմայով խոսեն հենց բժիշկները: Առողջ ապրելակերպը պետք է հիմնված լինի գիտական հետազոտությունների վրա և ի վերջո դառնա մեր հասարակության կենցաղը», - հանդիպման ժամանակ ասաց Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը։

Սխալ ապրելակերպն ու վնասակար սովորույթները գրեթե բոլոր հիվանդությունների հիմնական պատճառն են, բայց ուռուցքաբանության մեջ դրանց դերն ուղղակի որոշիչ է։ Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է ծխելու դեմ՝ կիրառելով տարբեր ռազմավարություններ, այդ թվում՝ փոխարինման թերապիաները և անցումը նվազեցված ռիսկով այլընտրանքների, սակայն վերջնական նպատակը մեկն է՝ ծխելուց լիարժեք հրաժարումը, քանի որ ծխելու ուղիղ հետևանքն են այնպիսի ծանր հիվանդություններ, ինչպիսիք են թոքի, միզապարկի, իսկ կանանց դեպքում՝ նաև կրծքագեղձի քաղցկեղը, ուստի ապրելակերպի բժշկությունը պետք է դառնա առաջնային գործիք՝ վնասակար սովորույթների կանխարգելման և քաղցկեղի ռիսկերի նվազեցման հարցում։ 

«Ապացուցված է՝ ծխող կամ ալկոհոլը չարաշահող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղն ավելի հաճախ է հանդիպում: Բայց մեր մենտալիտետն այնպիսին է, որ մինչև դանակը ոսկորին չի հասնում, ոչ մեկ չի հավատում վտանգին: Քանի դեռ մարդն իրեն լավ է զգում, մտածում է՝ «ոչինչ, կխմեմ էլ, կծխեմ էլ»։ Ու միայն խնդիրներին բախվելիս ենք հետ նայում ու հասկանում, թե որքան սխալ ենք ապրել:

Նույնը վերաբերում է հիպոդինամիային՝ նստակյաց կյանքին, որն այսօր սիրտ-անոթային հիվանդությունների գլխավոր պատճառներից է: Մարդիկ մինչև չեն հիվանդանում, չեն գիտակցում շարժվելու կարևորությունը: Մինչդեռ խոսքը պրոֆեսիոնալ սպորտի կամ ծանր մարզասրահների մասին չէ. սովորական, երեկոյան արագ քայլքն արդեն հզոր մարզում է օրգանիզմի համար, որն էականորեն նվազեցնում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման ռիսկ։ Հետևաբար շատ կարևորում եմ այս ասոցիացիայի ձևավորումը և իր գործունեությունը, շատ կարևոր գաղափար է դրված հիմքում», - Tert.am-ի հետ զրույցում ասաց ուռուցքաբան Արմեն Ավագյանը։

Ժամանակակից բժշկությունը հաճախ ստիպված է լինում դեղերով կառավարել քրոնիկ հիվանդությունների ախտանիշները, սակայն միայն դրանով խնդրի բուն պատճառը չի վերանում։ Գևորգ Ասլիբեկյանը սա համեմատեց այն իրավիճակի հետ, երբ տանը ծորակից ջուրը հոսում է հատակին, ու մենք անդադար զբաղվենք հատակը մաքրելով՝ փոխարենը պարզապես փակենք ծորակը։ Ապրելակերպի բժշկությունը հենց այդ ծորակը փակելու գիտությունն է։ Հիմնվելով իր 6 հիմնասյուների՝ ճիշտ սննդի, շարժման, որակյալ քնի, ստրեսի կառավարման, վնասակար սովորույթների ռիսկերի նվազեցման ու առողջ սոցիալական կապերի վրա, այս ուղղությունը փորձելու է կանխարգելելով հիվանդությունները՝ ձևավորել առողջ հասարակություն։