Երեմյան մարդիկ․ Անահիտ Միքայելյան. Երևանի այցեքարտ աղանդերների հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)

16:05 • 12.08.26

Մինչ շատերի համար օրը դեռ չի սկսվել, այստեղ արդեն պատրաստվում են այն աղանդերները, որոնք ժամեր անց կհայտնվեն հյուրերի սեղաններին։ Վաղ առավոտյան խոհանոցում լսվում է հարիչի ձայնը, վառարաններն աշխատում են, իսկ օդը լցված է թարմ աղանդերի, շոկոլադի և մրգային միջուկների բույրերով։ 

«Շեֆ-հրուշակագործի օրը սկսվում է առավոտյան շատ վաղ և երևի թե չի վերջանում»,-ասում է «Երեմյան» ընկերությունների խմբի շեֆ-հրուշակագործ Անահիտ Միքայելյանը և շարունակում.

«Մենք արդեն աշխատում ենք, երբ քաղաքը դեռ քնած է, քանի որ մարդկանց պետք է դիմավորեն թարմ թխված հացը, կրուասանները և թարմ աղանդերը։ Այնուհետև սկսվում է օրվա ավելի ակտիվ մասը, երբ սկսվում են համտեսումները, փորձարկումները, քննարկումները և գալիս է այն հավերժական հարցը, թե ով է այս կրեմը համտեսել»,-նշում է նա։

Այստեղ ամեն ինչը սկսվում է ճշգրտությունից։ Ընդամենը մի քանի գրամով ավելի կամ պակաս բաղադրիչը կարող է փոխել աղանդերի ամբողջ համը, սակայն հրուշակագործի աշխատանքը միայն բաղադրատոմսերին հետևելը չէ։ Դա մասնագիտություն է, որը փոխանցում է հաճելի զգացողություններ և այսօր «Երեմյան» ընկերությունների խմբի ռեստորաններում ներկայացված են 200-ից ավելի աղանդեր, շոկոլադ և թարմ պաղպաղակ։ 

«Բոլորը կարծում են, թե շեֆ-հրուշակագործն ամբողջ օրվա ընթացքում քաղցր է ուտում, բայց, ցավոք, այդպես չէ: Ամբողջ օրվա ընթացքում ուղղակի մտածում ես՝ նոր ստեղծած աղանդերն ինչո՞ւ այդքան կատարյալ չէ և ի՞նչ լուծումներ պետք է գտնել՝ այն կատարյալ դարձնելու համար»,-պատմում է Անահիտ Միքայելյանը։

Անահիտի ճանապարհը «Երեմյան» ընկերությունների խմբում սկսվել է 2017 թվականին, երբ բացվեց «Շերեփ» ռեստորանը։ Այդ ժամանակ ձևավորվեց նաև առաջին հրուշակարանը, որն այսօր վերածվել է մեծ թիմի՝ սեփական ձեռագրով, փորձով և միասնական արժեքներով։ 

Ասում է՝ հետ նայելով հասկանում է, որ ամենամեծ ձեռքբերումը եղել է ոչ միայն սովորելու և ստեղծագործելու հնարավորությունը, այլ իր մասնագիտական հմտությունները զարգացնելը և դրանք իր թիմին փոխանցելը։ Այս տարիների ընթացքում միասին շատ նախագծեր են իրականացնել և ուրախ է, որ շարունակում է մնալ այդ ճանապարհի մի մասը։

Այդ ճանապարհի կարևորագույն էջերից մեկը գրվեց 2019 թվականին, երբ «Երեմյան» ընկերությունների խումբը գրանցեց Գինեսի համաշխարհային ռեկորդ՝ պատրաստելով աշխարհի ամենամեծ մատուցվող հայկական ավանդական գաթան, սակայն Անահիտի համար ամենամեծ ձեռքբերումները չեն չափվում ռեկորդներով։ 

«Իրականում ձեռքբերումները մեզ համար մրցանակները և ռեկորդները չեն, դրանք մեր ստեղծած հեղինակային աղանդերներն են, պաղպաղակները, շոկոլադները, որոնք ստեղծվում են երկար ստեղծագործ աշխատանքի արդյունքում։ Ամենակարևորը մեր հյուրերի գոհունակությունը և վստահությունն է, որն էլ մեզ ոգևորում է շարունակապես զարգանալ և ստեղծել նորը»,-հավելում է նա։

Հրուշակագործությունն Անահիտի համար ստեղծարարության և կարգապահության միաձուլումն է։ Ոգեշնչումը կարևոր է, բայց այն արժեք է ստանում միայն գիտելիքի, փորձի և յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ ուշադրության հետ համադրվելիս։ 

«Ամենակարևոր հատկանիշը, որ տարբերակում է «Երեմյան» ընկերությունների խմբի աղանդերները, նախևառաջ որակն է, որն ընկած է «Երեմյան» ընկերությունների խմբի բոլոր ոլորտների և աշխատանքների հիմքում: Հրուշակարանի աշխատանքի մեջ նույնպես, կարևորը որակն է, որակյալ աշխատանքը, բարձրորակ բաղադրիչների կիրառումը, բարձրակարգ սարքավորումների օգտագործումը և համը, որի հետևից մեր հյուրերը միշտ վերադառնում են մեզ մոտ»,-ընգծում է շեֆ-հրուշակագործը։

Թե որտեղից է գալիս անընդհատ նորը ստեղծելու ցանկությունը՝ «Երեմյան» ընկերությունների խմբի շեֆ-հրուշակագործը երկար չի մտածում։ Ասում է՝ առաջին աղբյուրը մասնագիտության հանդեպ սերն է, երբ ամեն օր փորձում ես ավելի լավը լինել, քան երեկ, բայց ոգեշնչումը հաճախ գալիս է նաև ամենաանսպասելիից, հաճախ այն պահին, երբ չես ուզում աշխատանքի մասին մտածել։ 

Հարցին՝ ինչպիսի՞ն է կյանքը հրուշակագործությունից դուրս, կես կատակ, կես լուրջ պատասխանում է՝ իսկ կա՞ կյանք հուշակագործությունից դուրս։ 

«Առաջին մասնագիտությամբ ես դաշնակահար եմ և երաժշտությունն իմ կյանքի անբաժան մասն է: Հաճախ եմ գնում դասական երաժշտության համերգների և ես հաճույք եմ ստանում ոչ միայն երաժշտություն լսելիս, այլև դիրիժորին հետևելիս, քանի որ նրա շնորհիվ երաժշտությունը բեմում կենդանանում է»,-նշում է Անահիտ Միքայելյանը: 

Նա տարիների ընթացքում համոզվել է՝ հաջողությունը պատահականություն չէ։ Այն ամենօրյա աշխատանքի, կարգապահության և անընդհատ սովորելու արդյունք է։ Հենց այս սկզբունքներն էլ փոխանցում է սկսնակ հրուշակագործներին։

 

Երեմյան մարդիկ․ Անահիտ Միքայելյան. Երևանի այցեքարտ աղանդերների հեղինակ (տեսանյութ, լուսանկարներ)