Անի Բալասանյան. մարդիկ՝ «Երեմյան» ընկերությունների խմբի ամենամեծ արժեք (տեսանյութ, լուսանկարներ)

17:09 • 06.09.26

Ուժեղ կորպորատիվ մշակույթը ձևավորվում է ոչ թե խոսքերով, այլ մարդկանց նկատմամբ վերաբերմունքով, թիմային աշխատանքով և յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը գնահատելու պատրաստակամությամբ։ Հիմնադրման առաջին օրից այս համոզմունքով է առաջնորդվում «Երեմյան» ընկերությունների խումբը:

«Շատ ընկերություններ են ասում, որ մարդիկ մեր ամենամեծ արժեքն են, բայց այդ միտքն արժեք է դառնում այն ժամանակ, երբ դա սկսվում է արտահայտվել ամենօրյա որոշումների ու վերաբերմունքի մեջ։ «Երեմյան» ընկերությունների խմբում կորպորատիվ մշակույթը հենց դրա մասին է, այն մարդկանց աշխատանքի, ովքեր ամեն օր ոչ թե պարզապես աշխատանք են կատարում, այլ դառնում են այն արժեքի ստեղծողը, որի համար տարիներ շարունակ մեզ ընտրում են հազարավոր մեր հյուրերն ու հաճախորդները»-ասում է «Երեմյան» ընկերությունների խմբի Կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների ղեկավար Անի Բալասանյանը։

Այսօր երեք տարբեր՝ հյուրընկալության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության  ոլորտում շուրջ 2800 աշխատակից ունեցող ընկերությունների խմբում կորպորատիվ մշակույթը դիտարկվում է որպես զարգացման կարևոր հիմք։ Վստահ են՝ յուրաքանչյուր աշխատակից պետք է զգա, որ իր աշխատանքը կարևոր է, իսկ ներդրումը՝ գնահատված։

«Իմ ամենասիրելի պահն այն պահն է, երբ հասկանում ես, որ յուրաքանչյուր փոքր փոփոխություն ի վերջո մեծ արդյունքի է բերում: Բերում է ավելի ուժեղ թիմի, ավելի առողջ աշխատանքային միջավայրի և ավելի երջանիկ հյուրի»,-նշում է Անի Բալասանյանը:

«Երեմյան» ընկերությունների խմբի աշխատակիցներին, ըստ Կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների ղեկավարի, միավորում է ոչ միայն ընդհանուր աշխատանքը, այլև ընդհանուր մտածելակերպը:

«Մեր ընկերությունում շատ հաճախ ենք օգտագործում «երեմյանական տեսակ» արտահայտությունը։ Դա պարզապես արտահայտություն չէ, երեմյանական տեսակն այն տեսակի մարդիկ են, ովքեր երազող են, չեն վախենում իրենց երազանքներից, դրանք դարձնում են նպատակ ու ամեն ինչ անում են այդ նպատակի հետևից գնալու համար։ Այդ մարդիկ ազնիվ, պատասխանատու, աշխատասեր, արդար տեսակի մարդիկ են ու մեզ միավորում է հենց այդ տեսակի լինելը»,-մանրամասնում է ընկերության Կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների ղեկավարը։

Աշխատակիցների զարգացումը կազմակերպությունում ևս կարևորվում է։ Նորեկների ընդունումից մինչև մասնագիտական աճ, կարիերայի զարգացման հնարավորություններ և բազմաշերտ մոտիվացիոն ծրագրեր: Այստեղ համոզված են՝ յուրաքանչյուր աշխատակցի հաջողությունը ոչ միայն անձնական, այլև  ամբողջ կազմակերպության ձեռքբերումն է։ 

«Սա այն ընկերությունն է, որի պատերի ներսում շատ պատմություններ են գրվել, բայց ամենաարժեքավորը, ամենահուզիչն ինձ համար այն պատմություններն են, որոնք ազդել են մարդկանց ճակատագրերի վրա, որոնք մարդկանց կյանքերն են փոխել, իսկ այդ պատմություններն անթիվ-անհամար են մեր ընկերությունում»,-ընդգծում է նա։

20 տարի՝ հյուրընկալության ակունքներում. «Երեմյան» ընկերությունների խումբը շարունակում է զարգանալ՝ պահպանելով իր իսկ սահմանած արժեքները: Տարիների ընթացքում ձևավորված փորձը, ավանդույթներն ու սկզբունքները դարձել են այն հիմքը, որի շնորհիվ ընկերությունը շարունակում է իր ճանապարհը՝ ստեղծելով նոր պատմություններ։

Անի Բալասանյանն ասում է՝ առանձնահատուկ հպարտություն է լինել մեկ  թիմի անդամ, որը  համարձակորեն սահմանում է բարձր չափորոշիչներ, ոլորտում մշակույթ է փոխում և չի դադարում երբեք զարգանալ: 

«Այստեղ ամեն օր ես տեսնում եմ մարդկանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքը կատարում են մեծ հպարտությամբ, ովքեր արժեք են ստեղծում մեր երկրի համար և երբ տեսնում ես այդ ամենը՝ հասկանում ես, որ դու, իրապես, կատարում ես իմաստալից աշխատանք»-եզրափակում է «Երեմյան» ընկերությունների խմբի Կորպորատիվ մշակույթի և ներքին հաղորդակցությունների ղեկավարը:

 

Անի Բալասանյան. մարդիկ՝ «Երեմյան» ընկերությունների խմբի ամենամեծ արժեք (տեսանյութ, լուսանկարներ)