Ազգային խոհանոց, բերքուբարիք, երգ ու պար. կայացավ «Ջան աշուն» փառատոնը՝ «Երեմյան» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ)

17:20 • 21.09.26

Աշնանային բերքուբարիք, ազգային խոհանոց, երաժշտություն ու տոնական տրամադրություն՝ մայրաքաղաքի կենտրոնում. «Սիզընս» այգում տեղի ունեցավ «Երեմյան» ընկերությունների խմբի կողմից կազմակերպված «Ջան աշուն» փառատոնը:

Փառատոնին իրենց յուրօրինակ ձեռագրով ներկայացան 40 ընկերություն՝ տեղական արտադրողներ, մշակութային կառույցներ, ժամանցային ընկերություններ։ Առանձնահատուկ ներկայացվածություն ունեին «Երեմյան» ընկերությունների խմբի «Պանդոկ Երևան» ռեստորանային ցանցը՝ իր 20-ամյա պատմությամբ, և «Երեմյան» կաթնամթերքը՝ ավելի քան 60 տեսակի բնական արտադրանքով։

««Ջան աշուն» փառատոնը, «Երեմյան» ընկերությունների խմբի 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացվող աշնանային միջոցառում է՝ նվիրված քաղաքի բնակիչներին, ինչպես նաև քաղաքի հյուրերին։ Այս փառատոնն իրականացվում է մեր կողմից,  առաջին անգամ և այն ստեղծվել է համախմբելու ազգային խոհանոցը, ինչպես նաև մշակույթը, երգն ու պարը, բերքուբարիքը, որով մենք հպարտանում ենք»,-ասում է «Երեմյան» ընկերությունների խմբի Մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։

Հյուրընկալության ոլորտի ակունքներում կանգնած «Պանդոկ Երևան»-ը փառատոնի ընթացքում կազմակերպեց հայկական լավաշի, ղափամայի, հարիսայի, գաթայի տեղում պատրաստում և հյուրասիրություն, ցուցադրություններ, ազգային երգուպարի համերգներ: Ի դեպ, «Պանդոկ Երևան»-ի խոհարարների կողմից, գործունեության 20 տարվա ընթացքում վերհանվել և հայկական խոհանոց է ներմուծվել 200-ից ավելի ազգային ուտեստ:

«Մենք ուրախ ենք այդ փաստով և հպարտանում ենք, քանի որ այդ ուտեստները մատուցվում են ոչ միայն մեր ռեստորաններում, այլև դուրս են եկել «Պանդոկ Երևան»-ի դռներից և ազգային խոհանոցը ներկայացնող այլ ռեստորաններ նույնպես դրանք հաճույքով մատուցում են: Դա, ըստ էության, վկայում է այն մասին, որ էկոհամակարգի զարգացման գործում «Երեմյան» ընկերությունների խումբը իր փոքր, բայց կարևոր դերակատարումն ունեցել է»-նշում է Լուսինե Երեմյանը։

Փառատոնի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ճաշակելու ներկայացված ուտեստները, այլև անցկացնելու ընտանեկան հաճելի ժամանց՝ կենդանի երաժշտությամբ և համերգային ծրագրերով, խոհարարական վարպետության և  ստեղծագործական դասընթացների միջոցով:

«Ջան աշուն» փառատոնի ընթացքում տեղի ունեցավ նաև հայկական տարազների ցուցադրություն՝ Տերյան մշակութային կենտրոնի հետ համագործակցությամբ: 

«Տերյան մշակութային կենտրոնն ավելի քան 20 տարի է՝ զբաղվում է ազգային հագուստների վերականգնմամբ և ստեղծմամբ՝ հիմքում ունենալով մ ազգային մշակույթի դետալները: Մենք, մեր հագուստների մեջ օգտագործում ենք ոչ միայն թանգարանային նմուշների հագուստների կերպարները, այլև գորգանախշերն ու նախշազարդերը»,-ընդգծում է Տերյան մշակութային կենտրոնի ներկայացուցիչ Նարե Զաքարյանը:

Այսպիսով, «Ջան աշուն»-ը համախմբեց մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին՝ երկու օր շարունակ ներկայացնելով հայկական մշակույթի, խոհանոցի ու ստեղծագործական ժառանգության բազմազանությունը՝ ազգային ավանդույթները դարձնելով փառատոնի գլխավոր շեշտադրում։