935 մլն դոլար՝ տասը աստղի համար. ֆուտբոլային աշխարհի գլխավոր հարուստների նոր ցուցակը

16:40 • 07.10.26

Երբ Մոհամեդ Սալահը ժամկետից մեկ տարի շուտ խզեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, շատերն ակնկալում էին, որ եգիպտոսցի աստղը կտեղափոխվի MLS կամ Սաուդյան Արաբիա: Փոխարենը, նա ցնցեց ֆուտբոլային աշխարհն այս ամռանը՝ միանալով թուրքական «Տրաբզոնսպորին»:

Առաջին հայացքից թվում է, թե Սալահը ֆինանսական զիջումների է գնացել։ Անգլիայում իր վերջին մրցաշրջանում նա միայն խաղադաշտում վաստակել էր մոտ 35 մլն դոլար, մինչդեռ «Տրաբզոնսպորում» նրա երաշխավորված աշխատավարձն ու բոնուսները տարեկան կազմում են 19,7 մլն դոլար (17 մլն եվրո)։ Բայց գործարքն ունի թաքնված կողմեր. ֆուտբոլիստը ստանալու է իր անվան հետ կապված ակումբային ատրիբուտիկայի վաճառքից ստացված հասույթի 20%-ը:

Գումարելով դաշտից դուրս նրա վաստակած 20 մլն դոլարը՝ Սալահի ընդհանուր եկամուտներն այս մրցաշրջանում կհասնեն 40 միլիոնի, ինչը նրան ապահովում է իր տեղը աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակում:

Ընդհանուր առմամբ, թոփ-10 ֆուտբոլիստները 2026/27 մրցաշրջանում միասին կվաստակեն աստղաբաշխական 935 միլիոն դոլար (1%-ով ավելի, քան նախորդ մրցաշրջանում)։

Sportico-ն ներկայացրել է այս տարվա ամենահարուստ ֆուտբոլիստների ցանկը, որը կրկին գլխավորում է անկրկնելի Կրիշտիանու Ռոնալդուն։

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող 10 ֆուտբոլիստները (2026 թ.)
1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր») – 300 մլն
(Դաշտում՝ 250 մլն | Գովազդներից՝ 50 մլն)

Պորտուգալիայի հավաքականի՝ ԱԱ-2026-ից դուրս մնալուց հետո Ռոնալդուն հայտարարեց, որ սա իր վերջին աշխարհի առաջնությունն էր: Թեև նա վերադարձավ Ազգերի լիգայի խաղերին, սակայն Դանիայի դեմ հանդիպումից առաջ հավաքականի ճամբարը անսպասելի լքելը հարցականի տակ դրեց նրա միջազգային կարիերայի ապագան։ Դաշտից դուրս Ռոնալդուն շարունակում է կայսրություն կառուցել՝ հովանավորչական նոր պայմանագրեր կնքելով Dreame-ի և Lego-ի հետ։

2. Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի») – 150 մլն
(Դաշտում՝ 75 մլն | Գովազդներից՝ 75 մլն)
Օգոստոսին Մեսսին պաշտոնապես ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում։ Թեև 39-ամյա ֆուտբոլիստը նշել էր հոր մահվան հանգամանքը, պարզվեց, որ հրաժեշտի տեքստը նա գրել էր Իսպանիայից կրած ցավալի պարտությունից անմիջապես հետո։ Փոխարենը նա երկարաձգել է պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականը և շարունակում է փայլել գովազդային շուկայում՝ համագործակցելով OpenAI-ի հետ ու պատրաստվելով Disney+-ով իր մասին անիմացիոն սերիալի թողարկմանը։

3. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 105 մլն
(Դաշտում՝ 70 մլն | Գովազդներից՝ 35 մլն)
Մբապեն անցած ամիս ավարտեց իր 20-ամյա համագործակցությունը Nike-ի հետ՝ դառնալով շվեյցարական On ապրանքանիշի նորաստեղծ ֆուտբոլային ստորաբաժանման դեմքը։ Բացի այդ, ֆրանսիացին բաժնետոմսեր է ձեռք բերել գերմանական Loewe International-ում և դարձել է ֆրանսիական «Կան» ակումբի համասեփականատեր։

4. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – $85 մլն
(Դաշտում՝ 60 մլն | Գովազդներից՝ 25 մլն)
Հալանդի հանրաճանաչությունը պայթեց այս ամռանը՝ Նորվեգիային հասցնելով ԱԱ քառորդ եզրափակիչ (պատմական լավագույն արդյունքը) և դառնալով 7 գոլի հեղինակ։ Միայն մրցաշարի ընթացքում նրա ինստագրամյան հետևորդների թիվն աճեց ավելի քան 32 միլիոնով։ Ակումբում Հալանդը շարունակում է ռմբարկուական խելահեղ տեմպը, թեև «Սիթիի» շուրջ ֆինանսական կանոնների խախտման 114 մեղադրանքները դեռ անորոշություն են ստեղծում։

5. Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 67 մլն
(Դաշտում՝ 45 մլն | Գովազդներից՝ 22 մլն)
Օգոստոսին բրազիլացին վերակնքեց պայմանագիրը «արքայական» ակումբի հետ մինչև 2031/32 մրցաշրջանը: Արտադաշտային ակտիվությունը նույնպես տպավորիչ է. Վինիսիուսը վերջերս նկարահանվեց Hugo Boss-ի արշավում՝ Բրեդլի Կուպերի և Մալումայի հետ միասին, իսկ նրա կերպարն արդեն հասանելի է հանրահայտ Fortnite խաղում։

6. Սադիո Մանե («Ալ Նասր») – 54 մլն
(Դաշտում՝ 50 մլն | Գովազդներից՝ 4 մլն)
Ավելի քան 20 մլն դոլար Մանեն ներդրել է իր հայրենի Սենեգալի տնտեսության մեջ՝ կառուցելով ագրոարդյունաբերական համալիր: Նա նաև Դակարում առևտրի կենտրոն ունի և հանդիսանում է ֆրանսիական «Բուրժ» ակումբի գլխավոր բաժնետերը:

7. Լամին Յամալ («Բարսելոնա») – 47 մլն
(Դաշտում՝ 35 մլն | Գովազդներից՝ 12 մլն)
Իսպանիայի հավաքականի կազմում Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո 19-ամյա հրաշամանուկի շուկայական արժեքն ու գովազդային պայմանագրերը երկինք են խոյացել։ Google, McDonald’s, Pokémon, Adidas, Coca-Cola և Beats by Dre. Յամալն արդեն իսկ գլոբալ բրենդ է։

8. Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») – 45 մլն
(Դաշտում՝ 29 մլն | Գովազդներից՝ 16 մլն)
ԱԱ-2026-ի գլխավոր բացահայտումներից մեկը, ըստ լուրերի, մոտ է Մադրիդի հետ պայմանագրի բարելավմանը։ Բելինգհեմը նաև դարձել է սպորտի ամենապահանջված դեմքերից մեկը՝ ունենալով անհատական պայմանագրեր Adidas-ի, Onside-ի և Lucozade-ի հետ, ինչպես նաև ներդրումներ է կատարել անգլիական կրիկետի թիմերից մեկում։

9. Հարի Քեյն («Բավարիա») – 42 մլն
(Դաշտում՝ 30 մլն | Գովազդներից՝ 12 մլն)
Մինչև Գերմանիա տեղափոխվելը Քեյնը թիմային տիտղոսներ չուներ։ Հիմա նա ունի հինգը՝ ներառյալ Բունդեսլիգայի երկու չեմպիոնություն։ «Բավարիան» ակտիվորեն բանակցում է 33-ամյա ռմբարկուի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Քեյնն ունի 19 խոշոր գովազդային գործընկեր, այդ թվում՝ Skechers-ը, Fanatics-ն ու Google Gemini-ն։

10. Մոհամեդ Սալահ («Տրաբզոնսպոր») – 40 մլն
(Դաշտում՝ 20 մլն | Գովազդներից՝ 20 մլն)
Սալահի ազդեցությունը Թուրքիայում արդեն իսկ զգացվում է ոչ միայն խաղադաշտում։ Նրա՝ ինստագրամում տեղադրած հասարակ լուսանկարը թուրքական բարձրավանդակի քարերից մեկի վրա անմիջապես տուրիստական բում է առաջացրել տարածաշրջանում:

Հաշվարկները հիմնված են 2026/27 մրցաշրջանի կանխատեսվող եկամուտների վրա՝ ներառելով աշխատավարձերը, բոնուսները և գովազդային եկամուտները նախքան հարկումը:

Աղբյուրը`ArmSport.am