TRIPP-ի գնահատման գլխավոր չափանիշը պետք է լինի ոչ թե ինքնիշխանության մասին հռչակագրային ձևակերպումների առկայությունը, այլ այն, թե որքանով է նախագիծն ամրապնդում Հայաստանի իրական ինքնուրույնությունը․ Սուրենյանց

20:49 • 21.10.26

Ինքնիշխանությունը չի չափվում բառերով. TRIPP-ի թաքնված ռիսկերը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

««Փաստաթղթում «ինքնիշխանություն» բառը ենթակառուցվածքների մասով կիրառվում է ութ անգամ, որպեսզի էլի շահարկումներ չլինեն»,— այսօր հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով TRIPP-ի շրջանակային համաձայնագրին։

Սա պարզունակ մոտեցում է:

Էականը ոչ թե «ինքնիշխանություն» բառի հիշատակումների քանակն է, այլ այն, թե ինչ լիազորություններ է պահպանում Հայաստանը, որքանով է վերահսկում ռազմավարական ենթակառուցվածքները և որքան ազատություն ունի որոշումներ կայացնելու հարցում։

Ինքնիշխանությունը չափվում է ոչ թե բառերով, այլ պետության իրական լիազորություններով և դրանք ինքնուրույն իրացնելու կարողությամբ։ Ֆորմալիստական հավաստիացումները չեն կարող ստվերել համաձայնագրի մտահոգիչ դրույթները։

TRIPP-ի զարգացման ընկերությունում ամերիկյան կողմին նախատեսվում է բաժնեմասերի 74 տոկոսը, Հայաստանին՝ 26 տոկոսը։ Ընկերությանը 49 տարով տրամադրվելու են հողօգտագործման և զարգացման բացառիկ իրավունքներ՝ հետագայում ևս 50 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նախատեսվում են նաև հայկական օրենսդրությունից որոշակի բացառություններ, իսկ բաժնետերերի միջև առանձին իրավահարաբերություններ կարգավորվելու են ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի իրավունքով։

Համաձայնագրով, իհարկե, վերահաստատվում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սահմանային և մաքսային իրավազորությունը, ինչպես նաև մի շարք առանցքային որոշումների համար հայկական կողմի համաձայնության անհրաժեշտությունը, սակայն ինքնիշխանության իրավական ճանաչումը դեռևս չի երաշխավորում դրա լիարժեք գործնական իրացումը։ Պետությունը կարող է պահպանել տարածքային իրավազորությունը, բայց երկարաժամկետ պարտավորություններով սահմանափակել ռազմավարական որոշումներ կայացնելու իր ազատությունը։

Այստեղ առանցքային է «պահպանված հարցերի» շրջանակը, որոնց վերաբերյալ որոշումների համար պահանջվում է հայկական կողմի համաձայնությունը։ Եթե այն սահմանափակ է և չի ներառում տնտեսական ու կառավարչական կարևոր հարցեր, ապա ամերիկյան կողմի 74 տոկոս բաժնեմասը կարող է գործնականում հանգեցնել ընկերության գործունեության նկատմամբ Հայաստանի օպերատիվ վերահսկողության կորստին։

Քանի դեռ այդ մեխանիզմներն ամբողջությամբ հրապարակված չեն, մտահոգությունները փարատված համարելը վաղաժամ է։

Արարատ Միրզոյանի հայտարարությունը չի պատասխանում մի շարք սկզբունքային հարցերի. ո՞վ է վերահսկելու ընկերության տնտեսական և կառավարչական գործունեությունը, ո՞ր որոշումները Հայաստանը կկարողանա կայացնել ինքնուրույն, իսկ որո՞նք կախված կլինեն ամերիկյան կողմի համաձայնությունից, կկարողանա՞ արդյոք Հայաստանը վերանայել կառավարման պայմանները, եթե դրանք հակասեն իր ռազմավարական շահերին, ի՞նչ իրավական և ֆինանսական հետևանքներ կունենա նման քայլը։

Նույնիսկ եթե պայմանագրի երկարաձգումը հնարավոր է միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ, դա չի լուծում գլխավոր խնդիրը՝ ի՞նչ գին կվճարի Հայաստանը, եթե ստիպված լինի վերանայել կամ դադարեցնել իր շահերին հակասող պարտավորությունները։

Խոշոր ենթակառուցվածքային նախագծերում երկարաժամկետ կոնցեսիաները միջազգային պրակտիկայում տարածված են։ Դրանց նպատակահարմարությունը որոշվում է ռիսկերի, եկամուտների և կառավարման լիազորությունների իրական բաշխմամբ։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե ռազմավարական մի կախվածությունը մյուսով փոխարինել, այլ արտաքին գործընկերների հետ ձևավորել հարաբերություններ, որոնք կընդլայնեն երկրի տնտեսական հնարավորություններն ու կամրապնդեն ռազմավարական ինքնուրույնությունը։

TRIPP-ի գնահատման գլխավոր չափանիշը պետք է լինի ոչ թե ինքնիշխանության մասին հռչակագրային ձևակերպումների առկայությունը, այլ այն, թե որքանով է նախագիծն ամրապնդում Հայաստանի իրական ինքնուրույնությունը և որքանով է պարունակում նոր ռազմավարական կախվածություններ ստեղծելու ռիսկեր»,-գրել է նա։