Կաննի փառատոնը կբացի «Ռոբին Հուդը»

15:49 • 11.05.10

Վաղը Ֆրանսիայում Կաննի կինոփառատոնը կբացվի Ռիդլի Սքոթի «Ռոբին Հուդ» ֆիլմի ցուցադրությամբ, որը, ի դեպ, ընդգրկված չէ փառատոնի մրցութային ծրագրում։

«Ռոբին Հուդը» էպիկական-հայրենասիրական կտավ է, որում լեգենդար դիպուկահարը (մարմնավորում է Ռասել Քրոուն) անսպասելի հանդես է գալիս պետական պաշտոնյայի դերում։ Միակ նրբությունն այն է, որ նա իդեալ է համարում ոչ թե ուղղափառ հոգևորականությունը, այլ ժողովրդավարությունը, որին 13-րդ դարի Անգլիան այնքան էլ պատրաստ չէ, այդ իսկ պատճառով ազնիվ մարդն ունի միայն մեկ ճանապարհ՝ դեպի անտառ։

Մրցույթի մասնակիցների թվում են այնպիսի անվանի ռեժիսորներ, ինչպիսիք են Մայք Լին («Ուրիշ քաղաք» — Another Year), Տակեշի Կիտանոն («Ցասում» — Outrage), Աբբաս Քյառոստամին («Կնքված պատճենը» — Certified Copy), Բերտրան Տավերնիեն («Արքայադուստր Մոնպանսիեն» — La Princesse de Montpensier), Լի Չան Դոնը («Պոեզիա» — Poetry)։

Նշենք, որ հայաստանցի ռեժիսորները կինոփառատոնին անմիջական մասնակցություն չեն ունենա։ Փոխարենը փառատնի շրջանակում անցկացվող Կաննի միջազգային կինոշուկային «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կներկայացնի 8 անիմացիոն, 4 վավերագրական, 12 դեբյուտային և ուսանողական, 3 խաղարկային կարճամետրաժ և 8 խաղարկային լիամետրաժ ֆիլմեր, այդ թվում նաև Մ. Դովլաթյանի «Սողանքը» կինոնախագիծը։