TOEFL-ի հանձնումը մագիստրատուրայում պարտադիր կլինի. Արմեն Աշոտյանը հանդիպել է ցուցարար ուսանողների հետ

11:50 • 19.05.10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է ՀՀ մի շարք բուհերի ուսանողների հետ, ովքեր մագիստրոսական և ասպիրանտական տեղերի բաշխման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման դեմ բողոքի ցույցեր են կազմակերպում: Հանդիպմանը ուսանողները մեկ անգամ ևս արտահայտել են իրենց հիմնական մտահոգությունները. առանց տարկետման իրավունքի տեղերի նվազումը, ըստ ուսանողների, կարող է լուրջ հարված հասցնել գիտության հետագա զարգացմանը:

Անդրադառնալով մագիստրոսական և ասպիրանտական տեղերի բաշխման խնդրին` նախարարը վստահեցրել է, որ նման նախաձեռնության շարժառիթները միանգամայն կրթական են: «Երկար տարիներ գործող համակարգը չի բավարարել գիտամանկավարժական կադրերի պատրաստման և զարգացման մակարդակը. այն պետության կողմից հովանավորման ենթակա խնդիր է և միայն պետպատվերի ձևավորման միջոցով այդ խնդիրը չի լուծվում»,- նշել է նախարարը` մեկ անգամ ևս ուսանողներին տեղեկացներով, որ իրականում անվճար տեղերի քանակը չի նվազել, պակասել են առանց տարկետման իրավունքի տեղերը:

Այս համատեքստում նախարարը օրինակ է բերել Ռուսաստանի և Սիրիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում տարկետման իրավունքով միջպետական համաձայնագրերի շրջանակում անցկացված մրցույթի արդյունքները` նշելով, որ մնացել են բազմաթիվ թափուր տեղեր: «Հավաստիացնում եմ ձեզ, որ կրթության հնարավորություններն այս դաշտում ամբողջությամբ բաց են, և առհասարակ զինապարտության հետ կապված խնդիր չկա: Պետպատվերի շրջանակը մնում է նույնը, և առկա ուսուցմամբ կրճատված տեղերը տեղափոխվելու են հեռակա ասպիրանտուրա. հետևաբար այդ դռները միշտ բաց են իրականում գիտությամբ զբաղվել ցանկացողների համար»,- նշել է Ա. Աշոտյանը:

Անդրադառնալով բակալավրիատի տեղերի հատկացման սկզբունքներին` նա նշել է, որ տարիներ շարունակ պետական և ոչ պետական բուհերը, գործելով կողք կողքի, ունեցել են իրենց խնդիրները, մասնավորապես, ոչ պետական բուհերն օգտվել են ընդունելության հեշտացված կարգից, իսկ պետական բուհերն ունեցել են տարկետման իրավունք ընձեռելու առավելություն: Ըստ այդմ, խեղվել է մրցակցային շուկան: Այդ է պատճառը, որ հաջորդ տարի ՀՀ բոլոր բուհերում ընդունելությունը կանցկացվի միասնական ընթացակարգով` բոլորի համար ապահովելով նույն դաշտում գործելու հնարավորություն: Նախարարը չի բացառել նաև, որ հետագայում, Բոլոնիայի գործընթացին համահունչ, համապատասխան վերահավատարմագրում անցնելուց հետո, հնարավոր է պետպատվերի տեղադրում նաև ոչ պետական բուհերում: «Կրթական համակարգը կրթություն է վաճառում, այլ ոչ թե տարկետման իրավունք:

Հստակ պետք է գիտակցել պետության տնտեսական գերակայությունները և պետպատվերի տրամադրման օրինաչափությունները` նախապատվությունը տալով մշակութաբանական, հայագիտական, բնագիտական և գյուղատնտեսական բլոկներին: Հավաստիացնում եմ ձեզ, որ սա կրթական բարեփոխում է, որի ակնկալիքն է` ունենալ նպատակային պետպատվերի ձևավորման վերջնական սկզբունքներ, որով կխթանվի պետական գերակայությունը, և կրթական համակարգում կլինեն մարդիկ, ովքեր շահագրգռված են կրթությամբ. սա է ընդհանուր մոտեցումը»,- նշել է նախարարը:

Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև ապագայում նախատեսվող մի շարք նորամուծությունների, մասնավորապես, հաջորդ տարի պարտադիր է լինելու TOEFL-ի հանձնումը մագիստրատուրայում, նախատեսվում է ասպիրանտուրայի քննությունների նկատմամբ պահանջների խստացում, ինչպես նաև անցումային շեմերի բարձրացում, որոնք կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի շեշտակի նվազմանը:

Անդրադարձ է եղել նաև այլ խնդիրների, մասնավորապես, հետագայում զորանոցներում գրադարանային, տեղեկատվական ենթակառուցվածքների ստեղծմանը, որոնք հնարավորություններ կստեղծեն ուսումնական գործընթացի ապահովման համար, ինչպես նաև ծառայության ընթացքում հեռակա ուսուցման կազմակերպման հնարավորությանը` իհարկե, չվնասելով բանակի կարգապահությանը և կրթության որակին: «Առհասարակ, ես վստահ եմ, որ կրթությունը և զինապարտությունը պետք է տարանջատել և ոչ մի կերպ չշաղկապել միմյանց: Այդ դեպքում մագիստրարտուրայում և ասպիրանտուրայում կտրուկ կբեռնաթափվեն կրթական կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է նախարարը:

Ինչպես հայտնում են ԿԳՆ-ից, Աշոտյանը կոչ է արել ուսանողներին` ասպիրանտուրայի քննությունների ընթացքում սուբյեկտիվ դրսևորումների վերաբերյալ տեղյակ պահել նաև նախարարությանը: Նա պատրաստակամություն է հայտնել նման հանդիպումները դարձնել պարբերական և քննարկել բոլոր առկա հիմնախնդիրները: