Հայաստանում ֆիլմերի 50 տոկոսը ապօրինաբա՞ր է ցուցադրվում

15:24 • 20.05.10

Հեղինակային իրավունքների խախտման ամենաշատ դեպքերը լինում են ձայներիզների և տեսաերիզների շուկայում, որտեղ մեծ թիվ է կազմում ապօրինաբար արտադրված և վաճառվող արտադրանքը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «հայ հեղինակ» հասարակական կազմակերպության ղեկավար Սուսաննա Ներսիսյանը։

Հենության (պիրատության) բազմաթիվ դեպքերի առկայությունը դարձել է մեր իրականության մաս, որը, ըստ Ներսիսյանի, նաև նոր տեխնոլոգիաների հետևանք է։ ՀԿ ղեկավարի խոսքով, նոր տեխնոլոգիաները, որոնք նաև նպաստում են մեր կյանքի զարգացմանը, հնարավորություն են ընձեռում ապօրինաբար ձայներիզներ, տեսաերիզներ, ինչպես նաև արվեստի այլ գործեր պատճենել և տարածել։ Ի դեպ, «Հայ հեղինակի» ղեկավարի խոսքով, միջազգային փորձը ցույց է տալիս, որ հենության ամենաշատ դեպքերը գրանցվում են ԱՊՀ նախկին երկրներում։

Tert.am–ի հարցին, թե որ ոլորտներում են ամենից շատ խախտվում հեղինակային իրավունքները, Սուսաննա Ներսիսյանը պատասխանեց. «Չկա ոլորտ, որտեղ չեն խախտվում հեղինակային իրավունքները»։ Այդուհանդերձ, ամենաշատը հեղինակների իրավունքները խախտվում են հրատարակչության, հեռարձակման, ցուցադրությունների ասպարեզում, որտեղ արվեստի գործեր են հեռարձակվում, տպագրվում կամ ներկայացվում՝ առանց հեղինակների թույլտվությունը ստանալու։

«Ես վստահ եմ, որ ֆիլմերի 50 տոկոսը ապօրինաբար է ցուցադրվում»,– որպես օրինակ մատնանշեց ՀԿ տնօրենը։
Սուսաննա Ներսիսյանի տեղեկացմամբ, հեղինակային իրավունքների խախտման դեպքերով գործեր կան նաև դատարանում՝ թեպետ ինքը չգիտի նման դեպքերով դատական գործերի քանակը։ Ինչ վերաբերում է նման գործերով դատական վճիռներին, ապա հիմնականում, ըստ ՀԿ ղեկավարի, ելքը դրական է լինում։

«Դատական պրոցեսների վերաբերյալ հստակ տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ աշխուժություն կա։ Դատավորները զգույշ են, աշխատում են օգնել հեղինակներին, որպեսզի վերականգնվեն նրանց իրավունքները։ Դրական ելքերը շատ են, մենք համառորեն առաջ ենք գնում»,– ասաց նա։