Ավստրալական ռեստորանում հայտնվել են iPad ճաշացանկեր

13:31 • 04.06.10

Սիդնեյի արվարձանային Global Mundo Tapas ռեստորանը դարձել է աշխարհում առաջին սպասարկման կետը, որում թղթե ավանդական ճաշացանկը փոխարինվել է iPad-ով։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Այժմ արդեն հիշյալ ռեստորանի հաճախորդները կարող են ճաշացանկին ծանոթանալ iPad-ի համար մշակված հատուկ հավելվածի միջոցով և ընտրել իրենց նախընտրած կերակուրը կոճակի մեկ սեղմումով։ Ճաշացանկում յուրաքանչյուր ճաշատեսակի անվանում ուղեկցվում է լուսանկարով և ճաշատեսակի բաղադրության նկարագրությամբ։ iPad-ը հաճախորդին առաջարկում է նաև ընտրել պատվիրված ճաշատեսակին հարմար գարնիր։ Այն բանից հետո, երբ պատվերը ձևակերպված է, հաճախորդը անլար ցանցի միջոցով կարող է այն ուղարկել ռեստորանի խոհանոց։

Global Mundo Tapas-ի ղեկավարությունը նախատեսում է, որ հետագայում կատարելագործվելով՝ iPad-ը կառաջարկի հաճախորդներին այնպիսի ճաշատեսակներ, որոնք համապատասխանում են տվյալ եղանակային պայմաններին, ինչպես նաև հաճախորդի տրամադրությանը։