Ագահությունը խժռել է Երևանի կենտրոնը. Կարինե Դանիելյան
Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մտահոգություն հայտնեց Երևանի էկոլոգիական վիճակի վերաբերյալ։
Ըստ նրա՝ Հայաստանը թեև ստանձնել է միջազգային պարտավորություններ, սակայն բնապահպանության ոլորտում միայն փաստաթղթեր են հաստատվել և օրենսդրություն է ընդունվել. «Բայց երբ նայում ենք, թե ինչ հասավ բնությանը, տեսնում ենք, որ լուրջ խնդիրներ ունենք»։
«Հայաստան-Եվրամիություն ծրագրի բնապահպանական մասը հայկական կողմը 50-60 տոկոսով է կատարել։ Ստեղծել ենք կոմիտե, հաստատել ծրագրեր, սակայն գործնական քայլեր չեն արվել»,- ընդգծեց բանախոսը։
Նա նշեց, որ Երևանում ամեն ինչ հակառակն է արվում. կանաչ տարածքներն ավելացնելու փոխարեն քաղաքի կենտրոնում էլիտար շինություններ են խոյանում։ «Ագահությունը խժռել է Երևանի կենտրոնը։ Օղակաձև այգին օղակաձև ռեստորան է դարձել։ Բնության ոչ մի օրինաչափություն Երևանում հաշվի չի առնվում»,- ահազանգեց մասնագետը։
Նա նշեց, որ Գլխավոր պողոտայում նույնպես պետք է օբյեկտներ կառուցվեն ծառերի հաշվին։
«Պետք է տարբեր զարգացած երկրներից մասնագետներ հրավիրել Երևան և ցույց տալ, թե ինչպես չպետք է կառուցվի քաղաքը»,- ընդգծեց բանախոսը՝ հավելելով, որ Երևանը դեռ վերականգնվելու հնարավորություն ունի։
Կարինե Դանիելյանը հիշեցրեց, որ այսօր Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրն է։ Այն ՄԱԿ-ի կողմից աշխարհում նշվում է 1972 -ից։ Հայաստանը Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օրը նշում է 1980-ից։










